Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:20 04-10-2026

Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Ուկրաինային շուրջ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն, ինչպես նաև ևս 350 մլն եվրո՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Մերցի այցը տեղի է ունեցել ուկրաինական մայրաքաղաքի վրա ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման պայմաններում։ Կանցլերը Կիև է ժամանել բարձրաստիճան նախարարի և գերմանական ընկերությունների ղեկավարների հետ միասին։

«Մեր այցը ցույց է տալիս, որ մեզ չեն կարող վախեցնել։ Մեզ չի վախեցնում նաև անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որը տեղի է ունենում հենց այն պահին, երբ մենք այստեղ ենք», — հայտարարել է Մերցը։

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ կանցլերը ժամանել է Ուկրաինա՝ կրկին հայտարարելու երկրի աջակցման մասին։ Մերցը նշել է, որ Ուկրաինան կարող է նաև հետագայում հույս դնել Գերմանիայի օգնության վրա։

Ֆինանսական և ռազմական աջակցությունից բացի, այցը նվիրված է նաև գերմանական և ուկրաինական ընկերությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Մասնավորապես, Բեռլինն ու Կիևը պատրաստում են համաձայնագիր անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հեռահար սարքերի, համատեղ արտադրության մասին։

Մերցը նաև Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և հայտարարել է խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին՝ պայմանով, որ դադարեցվեն հարվածները քաղաքացիական բնակչության դեմ։

Նոր օգնությունը տրամադրվում է այն պայմաններում, երբ Ուկրաինան պատրաստվում է պատերազմի հինգերորդ ձմռանը։ Գերմանիայի կառավարությունը նշում է, որ ռուսաստանյան հարվածները քաղաքներին, բնակելի շենքերին և էներգետիկ օբյեկտներին առաջիկա ամիսներին երկրի համար լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում։

Ամենից շատ դիտված