Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արթիկում միմյանց դեմ պայքարում է 4 քաղաքական ուժ։
Ընտրապայքարին մասնակցում են համայնքի նախկին ու գործող ղեկավարները, նախկին սպորտի նախարարն ու գործարարը։
Սակայն, երբ խոսքը լրագրողների հարցերին պատասխանելու մասին է, համայնքի նախկին և գործող ղեկավարներն առանձնապես ակտիվ չեն։
«Ազատական դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, որն այժմ գործազուրկ է և անկուսակցական։
ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորում է Արթիկի գործող համայնքապետ Անան Ոսկանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը, որը համայնքի ավագանու անդամ է, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ու գործարար։
«Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին սպորտի նախարար Լևոն Վահրադյանը, որը 2017 թվականին «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորության տարածքային թեկնածու է եղել։
Այսպիսով՝ Արթիկում ընտրապայքարին մասնակցում է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ բոլորն են հասանելի լրագրողների հարցերի համար։ Հատկապես ուշագրավ է համայնքի նախկին և գործող ղեկավարների պահվածքը, որոնք նախընտրում են չպատասխանել լրագրողի հարցերին։
Oragir.News-ը փորձել է զրուցել 4 քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարների հետ։ Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանի հեռախոսահամարը «Ձեզ լրագրող է անհանգստացնում» արտահայտությունից հետո դարձել է անհասանելի։
Վարագյանին նաև հաղորդագրություններ են ուղարկվել, որոնք նա կարդացել է, սակայն չի պատասխանել։
Գործող համայնքապետ Անան Ոսկանյանը ևս մեր զանգերը թողել է անպատասխան։ Մինչդեռ ընտրություններից առաջ թեկնածուների հրապարակային դիրքորոշումները կարևոր են հատկապես այն քաղաքացիների համար, որոնք պետք է ընտրություն կատարեն ներկայացված քաղաքական ուժերի և նրանց ծրագրերի միջև։
Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև Մխիթար Վարագյանի և Անան Ոսկանյանի պարզաբանումները, եթե նրանք որոշեն պատասխանել լրագրողի հարցերին։
Անահիտ Չալիկյան