Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (ՖԶԳ) 250 մլն եվրո արժողությամբ վարկ կտրամադրի Հայաստանին։ Հոկտեմբերի 1-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան համաձայնագրին։
Այս ֆինանսավորումը ՖԶԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համաֆինանսավորմամբ իրականացվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրագործվող առաջին ենթածրագիրն է։
Այն պետական ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտի քաղաքականության վրա հիմնված և նախկինում իրականացված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունն է։
Ծրագրի հիմնական նպատակներն են ապահովել պետական ֆինանսների պատասխանատու կառավարում, որը կնպաստի որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը, ինչպես նաև ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կախվածությունն արտաքին ֆինանսավորումից։
Ծրագիրն ունի բարեփոխումների երեք հիմնական ուղղություն. բյուջետահարկային կառավարման, պետական ֆինանսների կառավարման և ազգային ու ենթաազգային մակարդակներում պետական ծառայությունների մատուցման բարելավում, ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի, փոխկապակցվածության բարձրացման և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում, ինչպես նաև պարտքի կառավարման կատարելագործման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով կայուն ֆինանսավորման խթանում։
Ծրագրի շրջանակներում նախատեսված բարեփոխումները սահմանված են քաղաքականության աղյուսակում և շարունակականության տրամաբանությանը համապատասխան կիրականացվեն հաջորդական երեք ենթածրագրերի միջոցով։
Առաջին ենթածրագրի շրջանակներում նախատեսված քաղաքականության միջոցառումներն ընդգրկում են 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածը, և դրանց իրականացումը հիմք կհանդիսանա նախատեսված բյուջետային աջակցության տրամադրման համար։
Հարկ է նշել, որ հիշյալ քաղաքականության աղյուսակը վարկային համաձայնագրի մաս է կազմում։
Հաշվի առնելով, որ քաղաքականության աղյուսակի շուրջ կողմերի խորհրդակցություններն սկսվել են դեռևս տարեսկզբին և շարունակվում են ընդհուպ մինչև դրանում ներառված միջոցառումների կատարման սահմանված ժամկետը, որոշակի հնարավոր խմբագրական փոփոխություններով վերջնական տարբերակը կկցվի համաձայնագրի ստորագրման ամսաթվին (սույն փաթեթին կցված է 2026թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ վերջին տարբերակը)։
Բյուջետային աջակցության միջոցները կուղղվեն «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված դեֆիցիտի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի հոդվածներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։
Նախագիծն իրենից ներկայացնում է բյուջետային աջակցության մասին վարկային համաձայնագիր, և, հետևաբար, այն չի ենթադրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորում։ Ուստի, որևէ ֆինանսական պարտավորություն, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընդունված համապատասխան տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։