Արտաքին 36 րոպե առաջ - 22:40 29-09-2026

Հեգսեթը կկրճատի ԱՄՆ ԶՈւ-ում գեներալների և ծովակալների պաշտոնների թիվը. Fox News

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է 20 տոկոսով կրճատել ամերիկյան զինված ուժերում գեներալների և ծովակալների համար նախատեսված պաշտոնների թիվը։

Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծառայողական փաստաթղթեր։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հեգսեթը սեպտեմբերի սկզբին հաստատել է ցամաքային զորքերում, ռազմածովային ուժերում, ռազմաօդային ուժերում և զինված ուժերի միավորված պահեստազորում կրճատումների ծրագրերը։ Զինված ուժերին հանձնարարվել է իրականացնել փոփոխությունները և ավարտել կրճատումները մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Ակնկալվում է, որ Հեգսեթը ծրագրերի մասին պաշտոնապես կհայտարարի չորեքշաբթի՝ Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքում կայանալիք ելույթի ժամանակ։ Այն նվիրված կլինի զինված ուժերի վիճակին և առաջիկա տարվա առաջնահերթություններին։

Նոր նպատակը երկու անգամ գերազանցում է նախորդ տարի Հեգսեթի սահմանած՝ գեներալների և ծովակալների ընդհանուր պաշտոնների թիվը 10 տոկոսով կրճատելու ծրագրի ցուցանիշը։

Հեգսեթի նախորդ հրահանգը նախատեսում էր նաև առանձին՝ 20 տոկոսով կրճատել գործող չորսաստղանի գեներալների և ծովակալների թիվը, ինչպես նաև 20 տոկոսով՝ Ազգային գվարդիայի գեներալների թիվը։

Ամենից շատ դիտված