Ներքին 1 ժամ առաջ - 12:48 25-09-2026

Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր. Թանդիլյան

Հայկազովի պայթյունը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Արցախի ժողովրդի բռնագաղթի և էթնիկ զտման օրերին տեղի ունեցած ամենասարսափելի ողբերգություններից մեկը Հայկազովի բենզինի պահեստի պայթյունն էր։

Ավելի քան 200 մարդիկ զոհ գնացին այդ չարաբաստիկ պայթյունին։ Հարյուրավորները ծանրագույն այրվածքներով ու վնասվածքներով երկար ժամանակ պայքարեցին իրենց կյանքի համար, իսկ նրանցից շատերը մինչ օրս կրում են այդ ողբերգության ֆիզիկական և հոգեբանական ծանր հետևանքները։ Եվ էլի 2 տասնյակից ավելի մարդու մասին ոչինչ հայտնի չէ։ Նրանց հարազատներն անգամ հնարավորություն չունեցան մոխրից գտնելու հարազատի որևէ մասունք՝ հուղարկավորելու համար․․․

Առանձին քննարկման հարց է, թե ինչ հանգամանքներում տեղի ունեցավ պայթյունը, ինչու վառելիքի բաշխումը չկազմակերպվեց պատշաճ կերպով, և ովքեր էին տեղի ունեցածի համար պատասխանատու։

Բայց կա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր։

Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ և պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ։

Միայն Աստված գիտի, թե ինչի միջով են անցել և այսօր էլ ինչի միջով են անցնում այդ ընտանիքները։ Հարազատի կորուստը, անհետ կորածի ճակատագրի անորոշությունը, ծանր վնասվածքների և երկարատև բուժման հետևանքները ոչ միայն ֆիզիկական ու հոգեբանական, այլև լուրջ սոցիալական և նյութական խնդիրներ են առաջացնում։
Անհրաժեշտ է հստակ գնահատել այս ընտանիքների կարիքները, սահմանել նրանց կարգավիճակը և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ բուժումից և վերականգնումից մինչև սոցիալական ու նյութական օժանդակություն։

Առանձնահատուկ երախտագիտության են արժանի փրկարարներն ու բուժաշխատողները, որոնք այդ ծանր օրերին, սեփական կյանքը վտանգելով, իրենց մասնագիտական պարտքը կատարեցին բացառիկ նվիրումով։

Բայց անհրաժեշտ է շարունակական ուշադրության և կարգավիճակի տրամադրում։ Հայկազովի պայթյունը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում»,- գրել է Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվել է, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։