Ներքին 1 ժամ առաջ - 10:33 25-09-2026

ՆԳ նախարարը «ՀայՓաս»-ի գրասենյակում մասնակցել է համակարգի գործնական փորձարկմանը, ծանոթացել աշխատանքների ընթացիկ փուլին


ՆԳ նախարարությունը շարունակում է կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում համադրելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, քաղաքացիակենտրոն մոտեցումն ու որակյալ սպասարկումը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։

«Սեպտեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ֆրանսիական IN Groupe և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ գլխամասային գրասենյակ։

«IN Groupe» ընկերության բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնի և «ՀայՓասի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի հետ նախարարը քննարկել է ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպչական հարցերը։
Անդրադարձ է կատարվել սպասարկման որակի լավարկմանը, տվյալների անվտանգության ապահովմանը և միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։

Արփինե Սարգսյանը հետևել է աշխատակիցների գործնական ուսուցման ընթացքին, որի շրջանակում ներկայացվել են կենսաչափական տվյալների հավաքագրման և գրանցման համար նախատեսված սարքավորումների օգտագործման կարգը, ծրագրային լուծումների կիրառման հնարավորություններն ու աշխատանքային ընթացակարգերի առանձնահատկությունները։

Նախարար Սարգսյանը ծանոթացել է նաև ընկերության նյութատեխնիկական հագեցվածությանը և փաստաթղթերի պատրաստման ամբողջական շղթային։ Տեխնոլոգիական լուծումների ներկայացումն ուղեկցվել է գործնական փորձարկմամբ․ ՆԳ նախարարն անձամբ անցել է փաստաթղթավորման բոլոր փուլերով՝ տվյալների գրանցումից մինչև նույնականացման քարտի և անձնագրի նմուշների տպագրություն։

ՆԳ նախարարի անձնական տվյալներով պատրաստված նմուշները հնարավորություն են տվել տեղում տեսնել համակարգի աշխատանքի վերջնական արդյունքը։ Գործընթացին անմիջական մասնակցությունը թույլ է տվել նաև փաստաթղթավորման ընթացքին ծանոթանալ ծառայությունից օգտվող քաղաքացու տեսանկյունից և գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը։
Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։

Արփինե Սարգսյանը շրջել է նաև ընկերության գլխամասի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող հատվածում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախարարն ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տեխնոլոգիական լուծումների հուսալիությունն ու անձնակազմի մասնագիտական կարողությունները համակարգի լիարժեք գործարկման և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու փոխկապակցված նախապայմաններ են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված