Ներքին 54 րոպե առաջ - 16:00 22-09-2026

Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Իշխանության դավանած արժեքների մասին ապացույցներից մեկն այն է, թե ովքե՞ր են հերոսացվում, ո՞ւմ են տրվում մեդալ, կոչում, պարգև և այլն։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև արժանացել են պատվավոր կոչումների։

Մասնավորապես՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է շնորհվել Արմեն Գրիգորյանին և Արայիկ Հարությունյանին, որոնք հանրության մի մասի կարծիքով՝ ձախողվել են իրենց ոլորտներում։

Ինչո՞ւ են նրանց մեդալի արժանացնում։

Ենթադրելի է, որ միակ չափանիշը թիմակից լինելն է։ Պարգևատրման նպատակն էլ նրանց խրախուսելն է, որ մնան թիմում։ Նախկինների օրոք էլ պարգևատրվում էին իրենց թիմակիցները, իրենց ծառայություն մատուցողները։ Նույնպես էր նաև խորհրդային բռնազավթման տարիներին։ Մեդալների հարցում ամենաառատաձեռնը Լեոնիդ Բրեժնևն էր, որն ամենաշատն ինքն իրեն էր պարգևատրում։

Այս առումով՝ հարց է առաջանում, եթե Արմեն Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը մեդալ են ստանում, ապա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ստանում, նրանցից ինչո՞վ է պակաս, հայրենիքին ծառայություններ չի մատուցե՞լ։

Արմեն Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը ուղիղ կատարել են Նիկոլ Փաշինյանի կարգադրությունները, երբեմն՝ քմահաճույքները։ Նա է քաղաքականություն որոշել, թիմակիցներն էլ իրականացրել են։ Այսինքն՝ Փաշինյանի հրամանով, գծած ուղիով են ծառայություններ մատուցել հայրենիքին։

Հետևապես՝ եթե ՀՀ նախագահը վարչապետի ենթականերին մեդալներ է տալիս, ապա մի մեդալ էլ պետք է Փաշինյանին շնորհի որպես հրամանատարի, կազմակերպչի, ղեկավարի։ Այդպես կընդգծվի, որ նրանք մեկ թիմ են, ընդհանուր արժեքներ, հաջողություններ ունեն։ Իսկ երբ Փաշինյանին մեդալ չեն հանձնում, ապա հիմք են տալիս կասկածի, որ նրան մյուսների հետ հավասար չեն դիտարկում, այլ մեկ աստիճան բարձր, ինչպես մարդն է կարգաբանական աստիճանով բարձր կենդանուց, կամ ինչպես կիսաաստվածն է բարձր սովորական մահկանացուից։

Լուսանցքային կարծիք կա, որ Փաշինյանին մեդալ չեն տալիս, քանի որ ՀՀ-ում մեդալն ընկալվում է որպես երկրի ղեկավարի, տվյալ դեպքում՝ Փաշինյանի, կողմից տրվող ողորմություն, ինչպես հին հռոմեացի զորավարներն էին ռազմարշավից վերադառնալով ողորմություն բաժանում քաղաքի աղքատներին, դրամ շաղ տալիս փողոցներում, քանի որ քաղաքի աղքատները զինվորների բացակայության ժամանակ փայտ, ջուր, ձուկ և այլ անհրաժեշտ բաներ էին մատակարարել քաղաքի մարդկանց, զինվորների ընտանիքներին։

Իհարկե՝ լավ կլիներ, որ Սեպտեմբերի 21-ին մեդալներ հանձնեին անկախության համար պայքարի նվիրյալներին, անկախության պաշտպանության հարցում ավանդ ներդրածներին։ Այսպես տոնական պարգևները տեղին ու նպատակային կլինեին։ Իսկ հիմա պարզ չէ, թե Սեպտեմբերի 21-ին մեդալ ստացողներն ի՞նչ կապ ունեն ՀՀ անկախության հետ, ի՞նչ են արել անկախության պաշտպանության համար։

Կարճ ասած՝ մեդալների հանձնումը մնում է մութ ու տաղտկալի արարողություն, որը կազմակերպում են տոնական օրերին, պարգևատրում անհայտ չափանիշով ընտրված մարդկանց՝ առանց դրա տակ արժեբանական բացատրություն դնելու։ Մեդալների, պետական պարգևների հանդեպ այսպիսի վերաբերմունքը գցում է պետական պարգևի և պետության հանդեպ հարգանքը։

Եվ եթե Նախագահն ու Վարչապետը միտումնավոր չեն գործում պետության դեմ, ապա հանրությանը կտեղեկացնեն, թե ով ինչի համար է մեդալ ստանում, որ մարդիկ էլ իմանան, թե որ արարքն է մեդալի արժանի։ Այսպես մարդիկ կընդօրինակեն մեդալակիրներին ու նույնպիսի բաներ կանեն։ Իսկ քանի դեռ այս հարցում թափանցիկություն չկա, հոռետեսներն իրավունք ունեն կասկածելու, որ ՔՊ-ական իշխանությունը մեդալ է տալիս իրենց ոլորտում ձախողվածներին, հանձնարարված աշխատանքը վատ կատարողներին կամ պետության դեմ գործողներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված