Սաուդյան Արաբիայից հայտնի մարզական լրագրող և «Ալ-Նասրի» նախկին մամուլի քարտուղար Սաուդ Ալ-Սարամին սենսացիոն հայտարարություն է արել՝ կանխատեսելով, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Al-Arabiya FM-ի եթերում Ալ-Սարամին խիստ քննադատության է ենթարկել պորտուգալացի աստղի ներկայիս մարզավիճակն ու ազդեցությունը թիմի խաղի վրա.
«Ռոնալդուն այլևս որևէ նշանակալի դեր չի խաղում «Ալ-Նասրում»։ Ես չեմ բացառում, որ նա կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա սպառել է իրեն որպես խաղացող և այլևս ոչինչ չի կարող տալ «Ալ-Նասրին», ուստի պետք է հեռանա»,-նշել է լրագրողը՝ հավելելով, որ եթե տրանսֆերը կայանա, ապա դա կլինի բացառապես ֆուտբոլիստի անձնական նախաձեռնությամբ։
Այս խոսակցությունները թեժացել են վերջերս էմիրաթական «Ալ-Այնից» կրած ծանր պարտությունից և ակումբի ճգնաժամային իրավիճակից հետո: Այնուամենայնիվ, «Ալ-Նասրի» ղեկավարությունը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել իր ավագի ապագայի վերաբերյալ, իսկ հունվարյան հեռացման մասին լուրերն առայժմ միայն արաբ լրագրողի անձնական սպասումներն ու դատողություններն են։
Հետաքրքիր է, որ Ալ-Սարամիի այս հոռետեսական կանխատեսմանը զուգահեռ, արևմտյան մամուլում բոլորովին այլ տրամադրություններ են։ Ըստ պորտուգալական DAZN հեռուստաալիքի՝ Ռոնալդուն ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլև դիտարկում է «Ալ-Նասրի» համասեփականատեր դառնալու տարբերակը: Աղբյուրի համաձայն՝ լեգենդար հարձակվողը ևս չորս ներդրողների հետ միասին լուրջ առաջարկ են նախապատրաստում ակումբի բաժնետոմսերը գնելու համար։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից։ Իր փայլուն կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և «Յուվենտուսում»՝ նվաճելով հնարավոր բոլոր ակումբային և անհատական տիտղոսները, այդ թվում՝ 5 «Ոսկե գնդակ», Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, ինչպես նաև Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի չեմպիոնի կոչումները։