Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարներ Ջոն Սվիննին, Ռուն ապ Իորվերտը և Միշել Օ՛Նիլը ստորագրել են համատեղ փոխըմբռնման հուշագիր, որը ամրագրում է յուրաքանչյուր ազգի ինքնորոշման և Միացյալ Թագավորությունից անկախության իրավունքը, ինչպես նաև նրանց ապագան Եվրոպական Միության կազմում:Գրում է
DW-ն։
Փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած հանդիպման ժամանակ: Բրիտանական ինքնավար շրջանների երեք կառավարությունների ղեկավարներին միացել է իռլանդական ազգայնական «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Մերի Լու Մաքդոնալդը:
Հուշագրում նաև ուրվագծվում է համագործակցելու մտադրությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործնական ոլորտներում, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում, «ավելի ուժեղ և արդար տնտեսության» ստեղծման և Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։
Ինչպես նշում է BBC News-ը, առաջին անգամ Մեծ Բրիտանիայի չորս մասերից երեքի կառավարությունները գլխավորում են ազգայնական կուսակցությունների՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP), Ուելսի կուսակցության (Plaid Cymru) և Իռլանդիայի «Շին Ֆեյն» կուսակցության ներկայացուցիչները: Առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել Քարդիֆում: Մասնակիցները կոչ են արել Լոնդոնին «պատրաստվել, պլանավորել և նպաստել սահմանադրական փոփոխություններին յուրաքանչյուր իրավասության մեջ»: «Վեստմինստերի ժամանակը մոտենում է ավարտին», - ընդգծվում է ստորագրված փաստաթղթում:
Մամուլի ասուլիսում Ջոն Սվիննին և Միշել Օ՛Նիլը կոչ են արել մոտ ապագայում հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։
Քարդիֆում հուշագրի ստորագրման մասին հաղորդագրություններից հետո «Բելֆաստ Նյուզ Լեթեր»-ը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի մամուլի քարտուղարին, որը հայտարարել է, որ բրիտանական կառավարության ղեկավարը չի աջակցում Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում անկախության հանրաքվեների անցկացմանը և «խորապես հավատում է միությանը»։