Ունեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը, որը ՀՀ-ն է: Այս մասին ԱԺ-ում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է, մենք էլ ենք նույնը ասում։ Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաև պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետությունն է։
Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, հարգելիներ, քան Հայաստանի Հանրապետությունը, կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետության շահն է, որ դուք պատրաստ եք, կամ ուզում եք սպասարկել։
Ես, որպես Կառավարության անդամ, պատրաստ եմ սպասարկել միայն Հայաստանի Հանրապետության շահը։ Պարոն Վարդևանյան, որ գալիս եք, ու ստորակետով իրարից անջատվող արտահայտությունները ամբիոնից հնչեցնում եք, դա չի նշանակում, որ Սահմանադրությունը նշում է համազգային նպատակները։ Խնդրում եմ, մի ասեք բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է Գալյանը: