Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած սկանդալային
հայտարարությունները՝ համատիրությունների գործող համակարգը «պորտաբույծների համակարգ» անվանելու և այն արմատախիլ անելու քաղաքական հանձնառության մասին, լուրջ անհանգստություն և կաշկանդվածություն են առաջացրել ոլորտում։
Քաղաքապետի պնդմամբ՝ բնակիչները կանոնավոր վճարումներ են անում, սակայն համատիրություններն իրենց ֆունկցիաները չեն կատարում, իսկ մարդկանց փողերը պարզապես կորչում են։ Այս կոշտ գնահատականներից հետո
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Երևանի կենտրոնական մի քանի համատիրությունների ղեկավարների հետ։
Պատկերը բազմաշերտ է. տիրող հանրային վախերից ու լռությունից մինչև հակադարձումներ։ Մեր զանգերին պատասխանած ղեկավարների մեծ մասը գտավ ամենատարբեր պատրվակները՝ քաղաքապետի հասցեին որևէ մեկնաբանություն չտալու համար։
«Կենտրոն-1» համատիրության ղեկավար Արթուր Արշակյանը՝ լսելով հարցը՝ շտապեց կարճել խոսակցությունը՝ նշելով, թե «տեղը հարմար չէ» խոսելու համար։
«Սայաթ-Նովա 40» համատիրության նախագահ՝ Էդգար Պողոսյանը նույնպես կարճ ձևակերպեց խոսքը. «Հարմար չի, հետո զանգեք»։ «Էտալոն» համատիրության նախագահ՝ Արթուր Սիմոնյանը պատասխանեց, որ ներկայիս կառավարման հետ կապ չունի՝ պնդելով. «Մի ժամանակ կապ եմ ունեցել համատիրության հետ, չգիտեմ՝ ինչու է համարս դեռ մնացել»։
«Տերյան 83» համատիրության նախագահ Վլադիմիր Եգոյանցն, ի տարբերություն մյուսների՝ պատրվակներ չփնտրեց. նա ուղղակի և բացահայտ ցույց տվեց իր դիրքորոշումը՝ կտրուկ հրաժարվելով պատասխանել քաղաքապետի քննադատությանը։
«Հյուսիսային 4» համատիրությունից էլ հայտնեցին, որ «քաղաքապետի խոսքը էլիտար շենքերին չի վերաբերում»։
Նշենք, որ ի տարբերություն լռող մեծամասնության, «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Նարեկ Սահակյանը չխուսափեց հարցերից և հանդես եկավ քաղաքապետի հայտարարություններն ուղղակիորեն հերքող դիրքորոշմամբ։
Անդրադառնալով Ավինյանի այն պնդմանը, թե համատիրությունները չեն կատարում իրենց գործը և համակարգը պետք է վերացվի, Սահակյանը նշեց. «Ես այն կարծիքին եմ, որ չի կարելի համատարած բոլոր համատիրությունների մասին նման կարծիք հայտնել: Կան շատ կազմակերպված համատիրություններ, որոնք լիարժեք գտնվում են բնակիչների ուշադրության կենտրոնում: Բնակիչները հետևում են աշխատակիցների գործունեությանը, և կառավարիչը հաշվետու է բնակիչների առջև»:
«Մոսկովյան 8» համատիրության նախագահի խոսքով՝ սա այն կառույցն է, որտեղ հենց բնակիչները պետք է որոշեն՝ իրենց ֆինանսական հոսքերը որ ուղղությամբ օգտագործել. «Ես կարծում եմ, որ պետք չէ, որ բոլոր հարցերում պետությունը միջամտի: Հարցեր կան, որոնցում քաղաքացիները, բնակիչները պետք է ինքնակազմակերպվեն: Դա է իմ կարծիքը»:
Թեև Սահակյանը հրաժարվեց ուղղակիորեն մեկնաբանել քաղաքապետի կիրառած «պորտաբույծների համակարգ» ձևակերպումը, սակայն շեշտեց, որ համատիրությունն այսօր էլ ունի արդյունավետ աշխատելու բոլոր լծակները։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե համակարգը քաղաքապետարանին ենթարկեցնելն է, այլ բնակիչների ակտիվությունը. «Ուղղակի բնակիչների խնդիրն է, որ պետք է ակտիվ լինեն և հետևեն համատիրության աշխատանքին: Եթե տեսնում են, որ համատիրությունը արդյունավետ չի աշխատում, պետք է դիմեն և փոխեն նախագահին»:
Լիովին այլ իրականություն է տիրում «Մաշտոցի 33/1» համատիրությունում։ Դրա նախագահ Սևակ Ավետյանը պատրաստակամորեն արձագանքեց մեր հարցմանը՝ բացատրելով, որ իրենց համատիրությունը տարբերվում է ընդհանուր գլոբալ կառույցներից, քանի որ այն ներառում է ընդամենը մեկ բազմաբնակարան շենք։
«Եթե որպես այլընտրանք ավելի լավ բան կառաջարկեն, թող անեն, իհարկե։ Համատիրության ֆորմատը, որպես այդպիսին, սկզբից ոնց որ այդքան էլ ճիշտ արված չի եղել։
Բայց իմ կարծիք ասելը մի քիչ ճիշտ չի լինի ընդհանուրի համար, քանի որ մերը 30, 40, 50 շենքանոց կամ 2-3 թաղամասանոց համատիրություն չի»,- անդրադառնալով քաղաքապետի առաջարկած բարեփոխումներին՝ կարծիք հայտնեց Ավետյանը՝ հավելելով․ «Մենք մի շենքի ժողովուրդ ենք, հարևաններով փաստացի բոլորը գիտեն՝ ինչի համար են փող հավաքում։ Կոնկրետ հավաքում են ախրանայի համար, հավաքարարի համար։ Կոպեկ-կոպեկ գիտեն՝ ուր է գնում այդ գումարը»։
Ավելին, «Մաշտոցի 33/1»-ի նախագահը փաստեց, որ ինքը համատիրությունից ոչ միայն օգուտ չունի, այլև սեփական միջոցներն է ներդնում շենքի համար. «Ես՝ որպես համատիրության նախագահ, կոնկրետ աշխատավարձով չեմ աշխատում։ Քանի որ այդ շենքի բնակիչ եմ, ինքս եմ ստեղծել այդ համատիրությունը իմ ու իմ ընտանիքի համար։ Հասարակական հիմունքներով եմ անում, ոչ մի կոպեկ աշխատավարձ չեմ ստանում։ Ունեմ ուրիշ բիզնեսներ, ուրիշ գործեր։ Նույնիսկ, եթե գումարը չի հերիքում համատիրությանը, մի 4-5 հոգի քաղաքացիներ կան էդպիսի, մեր գրպանից փող ենք դնում, շենքի համար անում ենք»։
Այսպիսով, պարզվում է, որ Երևանի քաղաքապետի հնչեցրած ընդհանրական որակումները չեն արտացոլում ոլորտի ողջ իրականությունը։ Մինչ խոշոր, թաղամասային կառույցներում տիրում է կաշկանդվածություն ու լռություն՝ սպասվող օրենսդրական փոփոխությունների վախով պայմանավորված, փոքր և անկախ կառույցներն ապացուցում են հակառակը։
Հասմիկ Մովսիսյան