Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 15:21 06-09-2026

Արվեստի միջոցով բարձրաձայնում ենք օդի աղտոտվածության խնդիրը. ցուցահանդես

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային «NEX» փառատոնը, որի այս տարվա թեման օդի աղտոտվածությունն է։ Փառատոնը նախատեսվում է որպես շարժական հարթակ, որի տարբեր թողարկումները հետագայում կանցկացվեն նաև այլ երկրներում։

Այս տարի փառատոնի անցկացումը որոշվել է կազմակերպել Երևանում՝ ուշադրության կենտրոնում պահելով վերջին տարիներին ավելի հրատապ դարձած օդի աղտոտվածության խնդիրը։

Կազմակերպիչների խոսքով՝ օդի աղտոտվածությունը գերազանցում է սահմանված կոնցենտրացիաները և անմիջական ազդեցություն ունի մարդու առողջության վրա՝ ազդելով ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև նյարդային համակարգի, ուղեղի և սրտի աշխատանքի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում «Այսօր» նախաձեռնության հասարակական կազմակերպության նախագահ, «NEX» փառատոնի հիմնադիր, արվեստագետ և համադրող Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ փառատոնին մասնակցում է ավելի քան 21 տեղական և միջազգային արվեստագետ, իսկ ներկայացված աշխատանքների թիվը 25-ից ավելի է։

«Հրավիրել ենք տարբեր արվեստագետների Հայաստանից և արտերկրից, որպեսզի իրենց աշխատանքների միջոցով բարձրաձայնեն այս հրատապ խնդիրը»,- ասաց Ստեփանյանը։

Փառատոնի շրջանակում ներկայացված են տարբեր մեդիաներով և տեխնիկաներով ստեղծված աշխատանքներ՝ մեդիաարտ, ինստալացիաներ, յուղանկարներ և այլ գործեր։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև «Եվրոպական թիթ» նախաձեռնության «Անցում դեպի ութ» հետազոտական նախագծի շրջանակում ստեղծված աշխատանքները։ Դրանց հեղինակներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու մարմնի վրա՝ կիրառելով բոդի-ստորմինգի, սոցդրամայի և սենսորային կրիչների մեթոդներ։

Հավաքագրված տվյալները հետագայում վերածվել են արվեստի աշխատանքների։ Ստեփանյանի խոսքով՝ հայ արվեստագետներից փառատոնին ներկայացված են, մասնավորապես, Սամվել Սաղաթելյանի, Մարիամ Արամի, Ջիաննա Կարապետյանի, Արմինե Աթոյանի և Դավիթ Քոչունցի աշխատանքները։

Նա առանձնացրեց Սամվել Սաղաթելյանի ինստալացիան, որը, նրա խոսքով, ստեղծվել է մեծածավալ հետազոտական աշխատանքի հիման վրա։ Մարիամ Արամի ինստալացիայում օգտագործվել են նաև «Հայրենիք» կինոթատրոնի հին ջահի որոշ դետալներ։

«Հենց «Հայրենիք» կինոթատրոնում ենք կազմակերպել ցուցահանդեսը, որպեսզի շենքն ինքն էլ կարծես միանա օդի աղտոտվածության մասին բարձրաձայնմանը և «շնչի»»,- նշեց Ստեփանյանը։

Փառատոնին մասնակցում են նաև Սլովենիայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ռումինիայից ժամանած արվեստագետներ։

Ներկայացված են նաև վիդեոաշխատանքներ և ինստալացիաներ։ Ստեփանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։30-ին, Ռումինիայի արվեստագետը կներկայացնի իր արվեստային պրակտիկան։ «NEX» փառատոնը և ցուցահանդեսը կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը՝ ամեն օր ժամը 12։00-ից։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության նպատակներից մեկը արվեստի միջոցով հասարակության ուշադրությունը օդի աղտոտվածության խնդրի և դրա հետևանքների վրա հրավիրելն է։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր