Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA-ի Թեհրանի բյուրոն՝ Փեզեշքիանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի պաշտպանում պատերազմի կամ հակամարտության սրումը։ Նա ասել է, որ հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե ուժի ցուցադրման կամ պատերազմի միջոցով։
«Պատերազմը պարտադրվել է Իրանին, և դրա շարունակությունը վնասակար է երկրի, տարածաշրջանի և աշխարհի համար։ Իրանը պատերազմ չի փնտրել, չի փնտրում և չի էլ փնտրի, բայց չի նահանջի բռնությունից», - հայտարարել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները անվանել է միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող և ընդգծել, որ Թեհրանը իր օրինական իրավունքներից բացի ոչինչ չի պահանջում։
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի, Պակիստանի, Օմանի և այլ երկրների ջանքերը՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա նաև հրավիրել է Կատարի էմիրին այցելել Իրան։
Իր հերթին, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է, որ Կատարը հանձնառու է տարածաշրջանում կայունությունը վերականգնելուն։
«Իրանական ժողովուրդը Կատարի ժողովրդի կրոնական եղբայրներն են։ Պատերազմը չի սկսվել տարածաշրջանում, այն նրան պարտադրվել է դրսից։ Սակայն տարածաշրջանի բոլոր երկրները վճարում են պատերազմի գինը», - նշել է ալ Թանին։
Նա ընդգծել է տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը և տնտեսական անդորրը դիվանագիտության և ռացիոնալ մոտեցման միջոցով վերադարձնելու կարևորությունը։