Կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը՝ անդրադառնալով նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարության մասին հայտարարություններ անելու փոխարեն պետք է հաշվի առնեն միջազգային կազմակերպությունների գնահատականները։
«Եթե այդքան գովում եք ձեր ռեժիմը, տարատեսակ քարոզչամիջոցներով տարածում եք, թե ժողովրդավարություն է, ամրապնդել ենք դիրքերը, մի հատ նեղություն քաշեք, միջազգային զեկույցները նայեք։ Ձեր սիրելի միջազգային կազմակերպությունների զեկույցներում դուք գնահատված եք որպես հիբրիդային ռեժիմ։ Դուք ժողովրդավարական ռեժիմ չեք»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցը նաև պնդեց, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս կառավարման համակարգը չի համապատասխանում ժողովրդավարական արժեքներին։
«Մենք մոռանում ենք, որ 21-րդ դարում ենք, և այս դարում տարատեսակ տեխնոլոգիաներով եք դուք ձեր ավտորիտար համակարգը, կոշտ ավտորիտար համակարգը հաստատում»,- նշեց նա։
Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործերին՝ քաղաքացին դրանք քաղաքական հետապնդման օրինակ որակեց։
«Անդրանիկ Թևանյանի գործը, բնականաբար նաև Արեգնազ Մանուկյանի գործը, դասական օրինակ է։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո այս գործը դասագրքային է դառնալու ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային իրավագիտության մեջ։ Այս գործով ցույց են տալու, թե ինչպես կարելի է քաղաքական հետապնդում իրականացնել աշխարհաքաղաքական մոտիվներով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Թևանյանը կարող է դիտարկվել նաև որպես «աշխարհաքաղաքական պատանդ։
«Ես կարծում եմ, որ այս գործի հիմքում կա նաև արտաքին միջամտության հետք, այսինքն՝ արտաքին պարտադրանքի հետևանքով է նաև Անդրանիկ Թևանյանը հայտնվել անազատության մեջ։ Այդ թվում՝ նաև Արեգնազ Մանուկյանը։ Եթե ասում ենք Անդրանիկ Թևանյան, նաև նկատի ունենք Արեգնազ Մանուկյանին, որովհետև այս գործերը կապված են»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Նա պնդեց, որ քրեական գործի նկարագրություններում ներառված որոշ հանգամանքներ կարող են վկայել քաղաքական շարժառիթների մասին։
Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան