Ազգային ժողովում վերջին օրերին կրկին ակտիվացել են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև փոխադարձ կոշտ ձևակերպումներն ու դրանց շուրջ քննարկումները։ Օգոստոսի 13-ին ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխանության հասցեին օգտագործել էր «սրիկայաբար» ձևակերպումը, ինչից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ եթե «սրիկան» վիրավորանք է, ապա Ղազարյանը պետք է ներողություն խնդրի։ Ռուբինյանը նաև նշել էր, որ ՔՊ-ի որևէ ներկայացուցիչ վիրավորական արտահայտություն անելու դեպքում ինքն էլ նրան ներողություն խնդրելու կոչ կանի։
Քաղաքական գործիչների կողմից միմյանց հասցեին հնչող արտահայտությունների համատեքստում քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին «պիղծ» բառի օգտագործումը։ Վերջին օրերին այդ ձևակերպումը ևս դարձել է հանրային քննարկման առարկա։
Այս համատեքստում
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչո՞վ են պայմանավորված տարբեր մոտեցումները, երբ ընդդիմադիր պատգամավորի օգտագործած «սրիկայաբար» բառը գնահատվում է որպես վիրավորանք, իսկ իշխանության ղեկավարի կողմից «պիղծ» ձևակերպման դեպքում նույնպիսի արձագանք չի լինում։
Հարցման մասնակիցներից ոմանք նշել են, որ չեն ցանկանում քաղաքական թեմաների մեջ խորանալ։
«Ճիշտն ասած՝ ես գործ չունեմ դրանց հետ։ Թող իրենք աշխատեն իրենց համար, մանկապարտեզ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի ևս հրաժարվեց գնահատական տալ՝ նշելով, որ քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել։
«Ճիշտն ասած՝ ես քաղաքականության մեջ չեմ ուզում խորանալ»,- ասաց նա։
Քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ չեն կարող մեկնաբանել իրավիճակը։
«Չեմ կարող ասել», «Ես չգիտեմ, ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել», «էդ մասը չեմ նայել», «Չեմ ճանաչում ոչ մեկին, ճիշտն ասած, չեմ կարող ինչ-որ բան ասել, կներեք»,- պատասխանեցին քաղաքացիները։
Մեկ այլ քաղաքացի պարզապես դժգոհություն հայտնեց ստեղծված իրավիճակից։
«Դժգոհ եմ»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ չի ցանկանում որևէ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։
«Ընդհանրապես բացառում եմ այդ պատասխանը, որովհետև չեմ ուզում լսել Նիկոլ Փաշինյանի մասին որևէ մի խոսք»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի հարցին պատասխանելու համար նախընտրեց իրավական գնահատական չտալ։
«Սխալ մարդու եք մոտեցել, սիրելիս։ Չեմ ուզում իրավական դաշտ մտնել։ Ճիշտը, որ ասեմ՝ իրավաբաններին հարցրեք դրան»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցներից մեկը քննադատեց քաղաքական գործիչների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտությունների կիրառումը։
«Սխալ եմ համարում ընդհանրապես իրար վիրավորելը, իրար նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունքը։ Ազգային ժողովը նպատակին չի ծառայում, ինչի համար, որ հավաքվել են, էդ չեն անում։ Լրիվ, ոնց ասեմ, նեղացած երեխեք են, մանկապարտեզ է։ Հասուն մարդու պահվածք չէ՝ բոլորի կողմից, երկկողմանի»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից «պիղծ» բառի կիրառմանը՝ քաղաքացին նշեց, որ նման բառապաշարը հանրության համար ընդունելի չէ։
«Պիղծը ում էր ասում՝ Տեր հո՞րը, կաթողիկոսի՞ն։ Ո՛չ նա է հաճելի, ո՛չ էլ այդ երևույթը։ Տգեղ է։ Մենք լավ բաներ ենք սպասում՝ փոփոխություններ, վերջապես ընտրել ենք Փաշինյանին, չէ՞, ինչ արած»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան