Ներքին Միտք 1 ժամ առաջ - 20:00 24-08-2026

Զողորմի տանք բարեկրթության զոհերին. ինչու ընդդիմությունը արդյունավետ չի պայքարում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԱԺ-ում նախանձելի անդորր է։ Մեծամասնության ու մյուս երկու խմբակցությունների ներկայացուցիչները գործընկերային ջերմ հարաբերությունների մեջ են։ Այս հանդարտությունը ժողովրդի մոտ հարցեր է առաջացնում։ Իսկ ո՞ւր մնացին քարոզարշավի օրերին արվող շատ կոշտ գնահատականները։

Բոլորն են հիշում, թե ինչ վատ բաներ էին ասում Նիկոլ Փաշինյանի մասին, ինչպես էին բնորոշում նրա վարքը, ինչ մեղքերի մեջ էին մեղադրում ու հանդիմանում նրան. է՛լ պետության գող, է՛լ թշնամի, կապիտուլյանտ, ազգադավ և այլն, և այդպես շարունակ։ Իսկ հիմա այդ մարդկանց կողքին նստած աշխատում են, նույն բնորոշումները չեն անում, պետության գող և այլ վատ բաներ չեն ասում։

Ինչո՞ւ փոխվեցին ընդդիմադիր ուժերը, ինչո՞ւ նույն ոգևորությունը չկա։

Հոռետեսները մտավախություն են հայտնում, թե ՔՊ-ն առաջիկայում նոր վատ բաներ է անելու, Բաքվի պահանջով նոր տարածքներ է հանձնելու, նոր զիջումներ է անելու, Սահմանադրությունն է փոխելու և այլն։

Կանխատեսելի է, որ այս զիջումները հանրային բողոքի ալիք են բարձրացնելու։ Այս ռիսկերը հաշվի առնելով՝ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը կոչ արեց բարեկիրթ լինել միմյանց հանդեպ։ Ենթադրելի է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը հանդարտ վերաբերվի այս զիջումներին, ապա ժողովուրդն էլ նրանց կհետևի ու չի բողոքի։ Կարելի է ասել, ՔՊ-ն թիկունքն ապահովել է, ընդդիմադիր պատգամավորները բարեկրթության զոհ են գնացել, մի կողմ թողել քարոզարշավի ժամանակվա կոշտ բնորոշումները և գործնականում չեն խանգարելու, որ Փաշինյանն անի այն վատ բաներն, ինչ մտադրվել է։

Այս առումով համեմատաբար ազնիվ էին այն կուսակցությունները, որոնք նախընտրական շրջանում ասում էին, թե չեն ձգտում իշխանափոխության, այլ ուզում են զբաղեցնել ընդդիմության նիշան, աշխատել ՔՊ-ի հետ։ Այսպիսի կեցվածքն ապաքաղաքական է, սակայն մարդիկ ազնվորեն ասում էին, որ պատրաստ են աշխատել Փաշինյանի հետ։ Իսկ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերն այլ բաներ էին ասում։ Եթե նրանք ևս ասեին, թե ԱԺ են ուզում մտնել, որ ՔՊ-ի հետ բարիդրացիական մթնոլորտում աշխատեն, ապա ոչ ոք չէր զարմանա նրանց այսօրվա վարքից, չէր ակնկալի արդյունավետ պայքար, օրենսդրական բեկումնային նախաձեռնություններ, քաղաքական նոր օրակարգ, ռևանշ ու նման բաներ։

Լավատեսները, սակայն, կարծում են, թե ամեն ինչ ընթանում է հայ-ռուսական կամ Փաշինյան-Պուտին համատեղ պլանով, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, որպես ընդդիմադիր ուժեր, պետք է շարունակաբար ու վստահորեն աջակցեն Փաշինյանին Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու հարցում։ Իսկ երկրորդային հարցերում կարող են անխնա քննադատել նրան։ Եթե այսպես է, ապա ամեն բան նորմալ է։ Այսինքն՝ նորմալ է, որ նրանք վերցրել են մանդատները, քննադատում են, ՔՊ-ականների պորտը տեղը դնում։

Կարճ ասած՝ հանրության շրջանում հիասթափություն կա։ Բայց կա նաև լավատեսական ակնկալիք, որ ընդդիմադիր ուժեր կարող են լավատեսություն ու հույս արթնացնել, արդյունավետ պայքարել իշխանության համար կամ ազնվորեն խոստովանել, թե ինչ ընդհանրություններ ու պայմանավորվածություններ ունեն Փաշինյանի և արտաքին ակտորների հետ։ Նկատենք, որ հանրության մեջ շատ են այն մարդիկ, որոնք կարծում են, թե ընդդիմադիր ուժերը բարեկրթության զոհ են դարձել, չեն գործելու հանուն անկախության և ժողովրդավարության, այլ բավարարվելու են Փաշինյանին սուր հարցեր տալով։ Եվ եթե այս հոռետեսական տրամադրություները հասնեն կրիտիկական կետի, ապա կարող է արտահերթ ընտրությունների անցկացման հարց առաջանալ։

Թաթուլ Մկրտչյան