Սեպտեմբերի 1-ից դպրոցներում պետք է ապահովվի մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողություն բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում, այդ թվում՝ սանհանգույցներում, միջանցքներում, ճաշարաններում, բակերում և խաղահրապարակներում։ Պահանջը սահմանված է ԿԳՄՍ նախարարի՝ 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով։
Սակայն հատկապես սանհանգույցներում վերահսկողության կազմակերպման հարցը մի շարք հարցեր է առաջացնում. ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը՝ միաժամանակ չխախտելով նրանց անձնական տարածքն ու արժանապատվությունը։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
Նրա խոսքով՝ դպրոցում վերահսկողությունն ինքնին նոր երևույթ չէ․ երեխաները գիտեն, որ դպրոցում կան կանոններ և մեծահասակների կողմից վերահսկողություն։ Սակայն նոր կարգավորման առանձնահատկությունն այն է, որ վերահսկողության անհրաժեշտությունն ընդգծվում է նաև այն տարածքներում, որտեղ սովորաբար մեծահասակների ներկայությունն ավելի քիչ է։
«Դպրոցն ինքնին վերահսկվող տարածք է։ Երեխաները գիտեն, որ իրենց հսկում են, որ կան կանոններ, և ուսուցիչներն իրականացնում են այդ վերահսկողությունը։ Կարծում եմ՝ այս դեպքում խոսքը լրացուցիչ ուշադրության մասին է այն տարածքների նկատմամբ, որտեղ վերլուծության արդյունքում, հավանաբար, տեսել են, որ խնդիրներն ավելի հաճախ են առաջանում։ Պետք է այնպես անել, որ երեխան իմանա՝ այդ տարածքում նույնպես վերահսկողություն կա»,- նշեց հոգեբանը։
Ապիտոնյանի խոսքով՝ սանհանգույցները կարող են լինել այն տարածքներից մեկը, որտեղ երեխաները, մեծահասակների վերահսկողությունից դուրս լինելու հանգամանքը հաշվի առնելով, կարող են ենթարկվել տարբեր տեսակի բռնության կամ բուլինգի։
«Իրականում լինում են դեպքեր, երբ երեխաները սանհանգույցներում բռնության են ենթարկվում՝ այդ թվում հոգեբանական։ Կարող են այնտեղ հավաքվել, միմյանց հետ քննարկումներ ունենալ կամ տարբեր գործողություններ կատարել՝ մտածելով, որ ոչ ոք չի գալու և իրենց չի վերահսկելու»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, հոգեբանը կարևորում է այն հանգամանքը, թե ինչ ձևով է իրականացվելու վերահսկողությունը։
«Շատ կարևոր է՝ ով է վերահսկելու և ինչպես է դա կազմակերպվելու։ Եթե խոսքը սանհանգույցի ներսում երեխային մշտապես վերահսկելու, ստուգելու կամ նրա անձնական տարածք ներխուժելու մասին է, ապա դա, բնականաբար, կարող է երեխայի մոտ անհարմարություն առաջացնել։ Պետք է գտնել այնպիսի տարբերակ, որը մի կողմից կապահովի անվտանգությունը, մյուս կողմից չի խախտի երեխայի անձնական սահմանները»,- նշեց Ապիտոնյանը։
Նրա խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե գործնականում ինչ մեխանիզմով են դպրոցները իրականացնելու այդ պահանջը։
«Ես չեմ պատկերացնում՝ հրամանում կոնկրետ ինչ ձևով է նախատեսված վերահսկողությունը։ Չեմ կարծում, որ խոսքը սանհանգույցում մշտապես մարդ կանգնեցնելու կամ երեխաների հետևից ներս մտնելու մասին է։ Ավելի տրամաբանական է, որ պատասխանատուները պարբերաբար շրջեն այդ տարածքներում, որ երեխաները հասկանան, որ այնտեղ ևս վերահսկողություն կա»,-ասաց նա։
Հոգեբանը միաժամանակ կարծում է, որ նման պահանջի սահմանումը կարող է կարևոր լինել հատկապես բռնության և բուլինգի կանխարգելման տեսանկյունից։
«Եթե որևէ տարածքում խնդիրներն ավելի հաճախ են լինում, բնական է, որ պետք է այդ տարածքի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Թե կոնկրետ ինչպե՞ս դա կիրականացվի, երևի արդեն սեպտեմբերից հետո ավելի պարզ կլինի»,-նշեց Ապիտոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ վերահսկողության նպատակը պետք է լինի ոչ թե երեխային մշտապես հետևելը, այլ անվտանգ միջավայր ստեղծելը։
«Կարծում եմ՝ հիմնական շեշտադրումը պետք է լինի այն բանի վրա, որ երեխան իմանա՝ դպրոցում անվտանգ միջավայր է, և եթե որևէ խնդիր առաջանա, կա մեծահասակ, որը կարող է միջամտել։ Բայց այդ վերահսկողությունը չպետք է վերածվի երեխայի անձնական տարածքի խախտման»,- եզրափակեց հոգեբանը։
Oragir.News-ը կապ է հաստատել նաև ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից, հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում են խնդրել:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով սեպտեմբերի 1-ից դպրոցների բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներում մեծահասակների շարունակական և նպատակային վերահսկողության ապահովումը դրված է դպրոցի տնօրենի վրա։
Մերի Հակոբյան