Ներքին 1 ժամ առաջ - 17:51 19-08-2026

Եթե ատոմակայանը փակեցին՝ ժողովրդի վերջը կգա. հարցում

Հայաստանում ատոմակայանի հետագա գործունեության հարցը շարունակում է մնալ հանրային քննարկումների թեմա։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցրել է քաղաքացիներին՝ կառավարությունը կարո՞ղ է առանց այլընտրանքի՝ փակել ատոմակայանը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման որոշումը։

Հարցման մասնակիցներից մեկը, անդրադառնալով թեմային, ասաց, որ ատոմակայանի փակումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրի համար։

«Իհարկե չի կարելի փակել։ Բա ո՞նց ենք աշխատելու, ո՞նց ենք ապրելու։ 90-ական թվականներին էլ ատոմակայանը կանգնեցրին, տեսանք՝ ինչ եղավ»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ չի կարծում, թե կառավարությունը կարող է նման որոշում կայացնել՝ հաշվի առնելով դրա հնարավոր հետևանքները։

«Կառավարությունը շատ ճիշտ է մտածում և՛ երկրի, և՛ ժողովրդի մասին։ Եթե ատոմակայանն էլ կանգնեցնեն, մեծ փաստի առաջ կկանգնենք։ Դրա համար կարծում եմ՝ դա հնարավոր չէ՝ ո՛չ կառավարության, ո՛չ էլ ժողովրդի կողմից»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված, սակայն, խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին՝ պնդելով, որ ատոմակայանի փակման մասին խոսելն անգամ անթույլատրելի է։

«Ես այս կառավարությունը կառավարություն չեմ համարում։ Սրանք պատահական մարդկանցով են հավաքվել։ Ատոմակայանը փակելու համար պետք չէ ո՛չ ակադեմիա ավարտել, ո՛չ արտակարգ գիտելիքներ ունենալ։ Ընդամենը պետք է ուղեղ ունենալ և հասկանալ, որ ատոմակայանը Հայաստանի Հանրապետության ատոմային բոմբն է»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ ատոմակայանը Հայաստանի համար ոչ միայն էներգետիկ, այլև անվտանգային նշանակություն ունի։

«Քանի մենք այդ ատոմակայանն ունենք, մենք ունենք նաև ատոմային բոմբ։ Այդ ատոմային բոմբը ոչ միայն մեզ պաշտպանում է, այլև էներգիա է տալիս»,- նշեց նա։

Քաղաքացին նաև համեմատություն արեց Հայաստանի և Ռուսաստանի ատոմակայանների միջև՝ նշելով, որ նման օբյեկտների փակման որոշումը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

«Ես չեմ պատկերացնում, որ, ասենք, Պուտինը երբևէ կհամարձակվի Ռուսաստանում ատոմակայան փակել, որովհետև դրա հետևանքները շատ լավ հասկանում է։ Եթե ատոմակայանը հանկարծ փակվի, ահավոր հետևանքներ կունենա»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ հայտարարեց, որ ատոմակայանի փակման դեպքում Հայաստանի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։

«Նիկոլ Փաշինյանը չի կարող փակել։ Եթե փակեց, հայ ժողովրդի վերջն է գալու։ Ժողովուրդը սովամահ է լինում, Դուք չե՞ք տեսնում»,- ասաց քաղաքացին՝ միաժամանակ քննադատելով իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։

Մեկ այլ քաղաքացի հարցին պատասխանեց ավելի զուսպ՝ նշելով, որ թեմային խորությամբ չի տիրապետում։

«Այս կառավարության մասին ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Չեմ ուզում խորանալ, մի քիչ ինձ լավ չեմ զգում։ Դրանից բան չեմ հասկանում»,- ասաց նա։

Հարցման ընթացքում քաղաքացիներից մեկը նաև ընդգծեց, որ Հայաստանի առաջընթացը կախված է ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև երկրի կառավարման ու անվտանգության ընդհանուր վիճակից։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված