Արտաքին 44 րոպե առաջ - 23:28 18-08-2026

Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրի համար հնարավոր «ապագայի անձնագիր» է անվանել Ամազոնի ափերի մոտ նավթի հայտնաբերումը՝ ընդգծելով, որ Բրազիլիան մտադիր չէ հրաժարվել իր բնական պաշարների շահագործումից, հայտնում է BBC News-ը։

Հայտնագործությունն արել է պետական Petrobras նավթային ընկերությունը՝ Ամազոնի ափերից մոտ 175 կմ հեռավորության վրա՝ ծովում։ Հանքավայրի ճշգրիտ պաշարները դեռ հայտնի չեն, ինչպես նաև դրա առևտրային շահութաբերությունը։ Նավթը հայտնաբերվել է մոտ 2,9 կմ խորության վրա։

Լուլան հայտարարել է, որ հանքավայրի շահագործումը կապված է ազգային ինքնիշխանության հարցի հետ և մերժել է այլ երկրների կողմից հնարավոր ճնշումը։

«Սա նշանակում է ազգային ինքնիշխանություն։ Ցանկացած երկիր, որն ունի այսպիսի որակի նավթ, թույլ չի տա որևէ մեկին միջամտել իր գործերին»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Միաժամանակ Լուլան ընդգծել է, որ նավթի նոր պաշարների հայտնաբերումը չի նշանակում, թե Բրազիլիան հրաժարվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարից։ Նրա խոսքով՝ հանածո վառելիքի արդյունահանությունից ստացվող եկամուտները կարող են օգտագործվել երկրի՝ վերականգնվող աղբյուրների վրա հիմնված էներգետիկային անցումը ֆինանսավորելու համար։

«Ես չեմ հրաժարվում հանածո վառելիքները մեր առօրյայից հեռացնելու պայքարից»,- հայտարարել է Լուլան՝ հավելելով, որ Բրազիլիան կշարունակի զարգացնել կենսավառելիքը և վերականգնվող էներգետիկան։