Արտաքին 47 րոպե առաջ - 22:47 13-08-2026

«Լազարյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի Պապին պաշտպանելու Գարեգին Բ-ին

Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհրդը մտահոգություն է հայտնել ռուս-հայկական հարաբերությունների վիճակի կապակցությամբ և կոչ է արել Ռուս ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին հանդես գալ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի քրիստոնյաների։

Համապատասխան որոշումն ընդունվել է խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին Սոչիում։ Մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի զարգացումը՝ Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո։

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մասնակիցները հայտարարել են, որ օգոստոսի 7-ին՝ ակումբի նիստի անցկացման օրը, Հայ եկեղեցու առաջնորդը հայտնվել է քրեական դատարանում՝ իր դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ։ «Լազարյան ակումբում» տեղի ունեցողը անվանել են եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշում։

«Լազարյան ակումբը» դիմել է նաև Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի Լևոն XIV պապին՝ կոչ անելով անտարբեր չմնալ տեղի ունեցողի նկատմամբ և աջակցել Հայ Առաքելական եկեղեցուն ու Հայաստանի քրիստոնյաներին։

«Լազարյան ակումբի» խորհրդի հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր և ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը «Ո՞ւր ես գնում։ «Լազարյան ակումբի» խորհրդի 2026 թվականի օգոստոսի 7-ին Սոչիում անցկացված ընդլայնված նիստի արդյունքներով» վերնագրով դիմում է հղել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին և Ռուսաստանի Դաշնությունում ու Ուզբեկստանի Հանրապետությունում առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ջովաննի Դ’Անիելլոյին։

Դիմումում խնդրանք է պարունակվում համապատասխանաբար «Լազարյան ակումբի» խորհրդի դիրքորոշմանը ծանոթացնել պատրիարք Կիրիլին և Հռոմի Լևոն XIV պապին։