Օրերս
Oragir.News-ը «Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում» վերտառությամբ հոդված էր
հրապարակել, որում անդրադարձ էր կատարվել «Լագո Վինչ» ՍՊԸ-ի գործունեությանը, հարկային ցուցանիշներին և պետական գնումներին։
Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Դավիթ Աբրահամյանը, որը ներկայացնում է «Էփի Փարթեզ» հաշվապահական ընկերությունը և, նրա խոսքով, հաշվապահական ծառայություններ է մատուցում «Լագո Վինչ» ՍՊԸ-ին։
Աբրահամյանը հերքում է նախորդ հրապարակման՝ ընկերությունը 2024-2025 թվականներին վնասով աշխատելու վերաբերյալ պնդումը։ Նրա խոսքով՝ այդ տարիների շահութահարկի հաշվետվությունները ցույց են տալիս, որ ընկերությունն աշխատել է շահույթով։ Նրա խոսքով՝ ընկերության նախորդ տարիների բացասական ֆինանսական արդյունքը կապված է կատարված ներդրումների հետ։
Աբրահյանը պնդում է, որ գազալցակայանը տարիներ առաջ այլ վիճակում է եղել, իսկ հետագայում ներդրումներ են կատարվել ինչպես բուն գազալցակայանի, այնպես էլ հարակից տարածքի զարգացման համար։
«Հնում շահութահարկը վնասով է եղել, դրա պատճառը այն է, որ էդ գազալցակայանում ներդրում է արվել։ Այն ժամանակ մի հատ ավերակ էր»,- նշեց նա։
Աբրահամյանը նաև հերքեց պետական գնումներում ընկերության մենաշնորհային դիրքի մասին հնարավոր տպավորությունը՝ նշելով, որ «Լագո Վինչ»-ը տարբեր գնումների մասնակցել է այլ ընկերությունների հետ մրցակցությամբ, և եղել են դեպքեր, երբ հաղթող է ճանաչվել այլ ընկերություն։ Նա պատրաստակամություն հայտնեց տրամադրել ընկերության հարկային և ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու համար։
Հավելենք, որ
Oragir.News-ը համաձայն իր խմբագրական սկզբունքի, հնարավորություն է տալիս նաև մյուս կողմին ներկայացնել իր տեսակետներն ու փաստարկները։
Հասմիկ Մովսիսյան