Oragir.News-ին դիմած քաղաքացի Թեհմինա Կնյազյանը
ահազանգել էր, որ իր երկու մանկահասակ երեխաներին՝ 2 տարեկան և 7 ամսական աղջիկներին, իր կամքին հակառակ տեղափոխել են աջակցության կենտրոն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Oragir.News-ին հայտնել են, որ ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզվել է՝ ընտանիքը բնակվում է տնակում, որը, նախարարության գնահատմամբ, զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից։
«Ինչպես այդ, այնպես էլ երեխաների պաշտպանությանն առնչվող այլ դեպքերում պետության և համայնքի գործողությունների առանցքում եղել են և շարունակում են մնալ բացառապես երեխաների լավագույն շահի պաշտպանության սկզբունքները։ Նշված ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզ է դարձել, որ տնակը, որտեղ բնակվում է ընտանիքը, զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից, առկա չեն երեխաներին խնամելու տարրական միջոցներ և պայմաններ, երեխաների մայրը բացարձակապես չի տիրապետում կենցաղավարման տարրական կանոններին և հմտություններին, ուստի երեխաների՝ նման պայմաններում ապրելը ռիսկ է պարունակում վերջիններիս կյանքի և առողջության համար»,- հայտնել է սոցապնախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Կոստանյանը շեշտել է, որ եթե երեխաների հարազատները պնդում են, որ որոշումն անհիմն է, ապա կարող են կենցաղային պայմանները բարելավելուց հետո դիմել մարզպետարան։
«Դրանից հետո ԽՀՄ և ՄՍԾ ՏԿ-ն կգնահատեն տան պայմանները և, ըստ այդմ, կկայացնեն համապատասխան որոշում»,- հայտնել է նա։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Oragir.News-ին տրամադրել են նաև լուսանկարներ, որոնք, նախարարության գնահատմամբ, փաստում են ընտանիքի սոցիալական և կենցաղային ծանր պայմանների մասին և հիմք են հանդիսացել երեխաներին աջակցության կենտրոն տեղափոխելու համար։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան