Ներքին 1 ժամ առաջ - 22:20 06-08-2026

Իշխանություն–եկեղեցի հարաբերություններն անթույլատրելի սահմանագծում են․ «Միասնության թևեր»

Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստին։

«Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։ Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատության հիմնարար իրավունքը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն-եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։

«Քաղաքական իշխանությունն իրավունք չունի քրեական հետապնդման միջոցով միջամտելու եկեղեցու ներքին կանոնական կյանքին, որոշելու հոգևորականների կարգավիճակը կամ իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորելու Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը»–ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծում են՝ այս դատավարությունը չի կարող ընկալվել որպես քաղաքական համատեքստից լիովին զերծ սովորական քրեական գործընթաց։

«Միասնության թևեր» կուսակցությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջում է դադարեցնել քաղաքական ճնշումները՝ շեշտելով, որ պաշտպանելու են մեր եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ու ինքնավարությունը։

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը: