Ներքին Տեսանյութ 58 րոպե առաջ - 20:00 05-08-2026

320 մլն դոլարի վարկային նոր բեռ. տնտեսագետը նախազգուշացնում է վտանգի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ կառավարությունը պատրաստվում է ևս 320 միլիոն դոլարի նոր վարկային բեռ վերցնել պետության ուսերին։

Մինչ պաշտոնական գերատեսչությունները հիմնավորում են այս քայլի անհրաժեշտությունը, տնտեսագետ Աղասի Թավադյանը նախազգուշացնում է՝ Հայաստանի տնտեսությունը մտնում է վտանգավոր, սառեցման փուլ, և նոր պարտքը կարող է մեզ կանգնեցնել 2009 թվականի ծանր ճգնաժամի կրկնության առջև։

Կառավարության օրակարգում ներառված նախագծերով նախատեսվում է 150 մլն դոլար ներգրավել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) և 170 մլն դոլար՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։

Աղասի Թավադյանի հաշվարկներով՝ այս նոր վարկի պատճառով մեր պետական պարտքը ևս 2%-ով կավելանա: Նա ներկայիս իրավիճակի և 2000-ականների տնտեսական մեծ բումի միջև ակնհայտ զուգահեռներ է տեսնում, սակայն մատնանշում է կառավարման սկզբունքային տարբերությունը։ Նրա խսքով՝ այսօր, երբ տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, նոր պարտք վերցնելը դառնում է կրկնակի վտանգավոր։

«Տարեցտարի ՀՆԱ-ի աճի փոքրացումը խոսում է սառեցման մասին։ Անգամ 2025 թվականի վերջին Իրանից եկած մեծ գումարների բերած կարճաժամկետ աշխուժացումը չի կարող թաքցնել 2026 թվականի ակնհայտ դանդաղումը»,- ասում է տնտեսագետը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը հիշեցնում է նաև, որ 2026 թվականին կապիտալի արտահոսքի և վճարային հաշվեկշռի («Balance of Payments») թուլացման ֆոնին, նման վարկերով պետական պարտքը ևս 2%-ով ավելացնելը ոչ թե երաշխավորված ներդրում է, այլ նոր ռիսկի գործոն, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան