ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի և Օմանի միջև բանակցություններին՝ Հորմուզի նեղուցով նավերի ավելի անվտանգ անցման համար պայմաններ ստեղծելու շուրջ։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նեղուցը բաց է համարում, և դրանով նավերի երթևեկությունը շարունակվում է։ Սակայն, ըստ նրա, աշխատանք է տարվում մի համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա մեծացնել նավագնացության ծավալներն այս չափազանց կարևոր երթուղով։
«Կարծում եմ՝ այժմ ընթանում են քննարկումներ և բանակցություններ, որոնց մենք մասնակցում ենք, Իրանի և Օմանի միջև, այն մասին, թե ինչպես կարճաժամկետ հեռանկարում ապահովել ավելի մեծ թվով նավերի անվտանգ անցումը նեղուցով, մինչ մենք շարժվում ենք դեպի Իրանի միջուկազերծման շուրջ ավելի երկարաժամկետ բանակցություններ»,- ասել է պետքարտուղարության ղեկավարը։
Ռուբիոն նշել է, որ հենց «Իրանի միջուկազերծումն» է այն «գլխավոր գործարքը», որին ձգտում է ԱՄՆ-ն։