Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի մասին ահազանգել է բլոգեր Նարե Հովսեփյանը՝ սոցցանցերում հրապարակելով տեսանյութ, որտեղ պատմում է իր վրա կատարված անսպասելի ու ագրեսիվ հարձակման մասին:
Դեպքը տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարան չհասած ճանապարհահատվածում. անհայտ անձը, առանց որևէ պատճառաբանության կամ նախնական վեճի, հանկարծակի հարձակվել է աղջկա վրա:
Նարեն ընդգծում է, որ անձը ունեցել է բոլորովին սովորական, նորմալ տեսք ու հագուստ, սակայն միանգամից թռել է իր վրա, հարվածով գցել հատակին և շուրջ 10 վայրկյան պայուսակից բռնած քաշ տվել քարքարոտ տեղանքով:
Այդ բռնի գործողությունների հետևանքով աղջկա ամբողջ մարմինը պատվել է կապտուկներով ու քերծվածքներով, իսկ ինքը դիմել է ոստիկանություն, որտեղից անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ իրականացնելու անհրաժեշտ քննչական ու զննման գործողությունները:
Այսօր առավոտյան բլոգերը կրկին կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ հայտնելով, որ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նրա փոխանցմամբ՝ ցավերի պատճառով ամբողջ գիշեր չի կարողացել նույնիսկ մեկ րոպե քնել, իսկ մարմնի ջերմությունը բարձրացել է 37,5 աստիճանի:
Ցավային զգացողությունները միայն արտաքին վերքերից ու քերծվածքներից չեն. ուժգին ընկնելու և հարվածների հետևանքով վնասվել է ամբողջ մկանային համակարգը, ինչի պատճառով այս պահին նա գրեթե անկարող է ինքնուրույն շարժվել կամ քայլել:
Նարե Հովսեփյանն արդեն ուղևորվել է դատաբժշկական փորձաքննության, որպեսզի պաշտոնապես արձանագրվեն ստացված մարմնական վնասվածքները, մինչ իրավապահները շարունակում են միջոցառումները հարձակվողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Թամարա Քալանթարյան