Ներքին 1 ժամ առաջ - 19:00 31-07-2026

Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հուլիսի 12-ին Վարդավառի օրը Երևանում բնակվող ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի կողմից սոցցանցերում արված վիրավորական հրապարակումը հանգեցրել է նրա դեմ քրեական վարույթի հարուցմանը, ձերբակալությանը և երկրից ելքի արգելքին:

Բլոգերը մեղադրվում է ատելության խոսք տարածելու մեջ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ինչը նախատեսում է 1-ից 4 տարի ժամկետով ազատազրկում։

Oragir.News-ին ՔԿ-ից հայտնեցին, որ ռուս բլոգերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ,այլ նորություն չկա։ Փորձենք հասկանալ և վերլուծել տեղի ունեցածը, դրա հնարավոր պատճառներն ու հետագա զարգացումները։

Առաջին հերթին պետք է տարբերակել երկու բան՝ մարդու ազատ արտահայտվելու իրավունքը և այն պահը, երբ խոսքը կարող է վերածվել ատելություն կամ թշնամանք տարածելու։ Ժողովրդավարական երկրներում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնել, նույնիսկ եթե այն կարող է դուր չգալ ուրիշներին։ Սակայն այդ ազատությունը սահմանափակվում է այն դեպքում, երբ խոսքը ուղղված է որևէ խմբի դեմ ատելություն, խտրականություն կամ բռնություն խրախուսելուն։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին սոցիալական ցանցերում տարածվեց Նադեժդա Պիրոժկովայի հրապարակած տեսանյութը, որտեղ նա արտահայտում էր իր դժգոհությունը Վարդավառի տոնի որոշ դրվագների վերաբերյալ։

Տեսանյութը մեծ արձագանք ստացավ հայկական օգտատերերի շրջանում։ Հատկապես քննադատության պատճառ դարձան այն արտահայտությունները, որոնք շատերը գնահատեցին որպես վիրավորական և ազգային արժանապատվությունը նսեմացնող։ Հետագայում, ըստ տարածված տեղեկությունների, բլոգերը հեռացրել է տեսանյութը և ներողություն հայտնել՝ նշելով, որ իր խոսքերը եղել են էմոցիոնալ արձագանքի հետևանք։

Սակայն միջադեպն արդեն ստացել էր լայն հասարակական արձագանք, և մի շարք քաղաքացիներ դիմել էին իրավապահ մարմիններին։ Այնուհետև, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնաբերեց և Քննչական կոմիտե ներկայացրեց բլոգերին։ Ինչպես հետագայում հայտնեց հենց ինքը՝ բլոգերը, նրան 3 օրով ձերբակալել էին և պահել մեկուսարանում։ ՀՀ Քննչական կոմիտեն Պիրոժկովայի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում Բլոգերն այսօր հայտնվել է երկկողմանի ծուղակում։ Մի կողմից Հայաստանը թույլ չի տալիս նրան հեռանալ քրեական գործի պատճառով։ Մյուս կողմից, ըստ նրա սեփական խոստովանության, նա չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ այնտեղ մեծ պարտքեր ունի, ինչի պատճառով ՌԴ-ից ելքի արգելք կունենա և չի կարողանա հետ գալ Հայաստան՝ իր երեխայի մոտ։

Այս պահին ՀՀ Քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։ Քննիչները փորձաքննությունների միջոցով պետք է հստակ հիմնավորեն՝ արդյո՞ք նրա հնչեցրած խոսքը իրավականորեն հանդիսանում է քրեորեն պատժելի «ատելության խոսք», թե՞ ոչ։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանում չկա՞ ազգային արժանապատվությունը պաշտպանող հոդված, և ինչո՞ւ բլոգերին պարզապես չարտաքսեցին երկրից։ Ուղիղ համեմատական անցկացնելով, օրինակ, Թուրքիայի հետ, որտեղ գործում է «թուրքականությունը վիրավորելու» մասին տխրահռչակ 301 հոդվածը (որով դատապարտվում են Ցեղասպանության մասին խոսողները), Հայաստանը չունի նմանատիպ իրավական կարգավորում։

Մեր իրավական համակարգում «ազգային արժանապատվության վիրավորում» ձևակերպմամբ հոդված չկա։ Փոխարենը, գործընթացը գնացել է բացառապես իրավական ճանապարհով՝ ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակում։

Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համացանցով ազգային թշնամանք հրահրելու համար (ՔՕ 329 հոդված, 2-րդ մաս)։ Հենց այս վարույթի շրջանակներում էլ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, ինչն էլ օրինական հիմք է՝ նրան Հայաստանում պահելու և գործը դատարան հասցնելու համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը