ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու թեման շարունակում է քննարկումների առիթ դառնալ։
Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ առաջարկել էին հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու միջև։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանը պե՞տք է հետևի այդ առաջարկին և հանրաքվե անցկացնի ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ միության կազմում մնալու հարցով։
Հարցվածների կարծիքները տարբեր էին։ Մի մասը կարծում էր, որ նման հարցը պետք է որոշի ժողովուրդը։
«Անպայման պետք է հանրաքվե անցկացվի, պետք է լսեն ժողովրդին»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մյուսները համոզված էին, որ Հայաստանը չպետք է առաջնորդվի որևէ երկրի պահանջով։ «Ոչ մեկի պահանջներին չենք ենթարկվում, մենք ինքնուրույն պետություն ենք»,- նշեց հարցվածներից մեկը։
Կային նաև քաղաքացիներ, որոնք հիշեցրին վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի արդարացրել Հայաստանի սպասելիքները թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում։
«Ռուսաստանի պահանջին չպետք է ենթարկվի Հայաստանը։ Եթե 20 տարի հայկական ապրանքները պիտանի էին, ինչպե՞ս մեկ օրում դարձան անպիտան։ Դա ոչ մի հիմնավորում չունի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Միևնույն ժամանակ, որոշ հարցվածներ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանը չպետք է հրաժարվի Ռուսաստանից՝ այն համարելով երկրի կարևորագույն գործընկերը։
«Ես գտնում եմ, որ Հայաստանը չպետք է հրաժարվի մեր հին բարեկամից։ Մենք փոքր երկիր ենք, մեր աշխարհագրական դիրքն էլ պետք է հաշվի առնել։ Այս իրավիճակում Ռուսաստանն ավելի ընդունելի գործընկեր է, քան մյուսները»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան