Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը
հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության նախաձեռնությամբ՝ կոչ անելով չհանդուրժել բռնությունն ու նվաստացումները։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք առաջին տիկինը չի՞ տեսնում, որ կան նաև այնպիսի կանայք, որոնք հայտնվել են կալանավորված կամ քաղաքական հետապնդման իրավիճակում և կարող են ենթարկվել ոչ միայն իրավական սահմանափակումների, այլև ծանր հոգեբանական ճնշումների։
Արդյոք մարդու ազատությունից զրկվելը, ընտանիքից, հարազատներից կամ երեխաներից հեռու գտնվելը նույնպես բռնության դրսևորում չէ՞։
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես քաղբանտարկյալների առկայությունը ինքնին բռնության դրսևորում է՝ կլինի տղամարդ, թե կին, բայց երբ խոսքը վերաբերում է կին քաղկալանավորներին, նրանց նկատմամբ հետապնդումներին, այդ խնդիրն առավել զգայուն է։ Ի վերջո, պետությունն ունի պարտավորություն՝ ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ բռնության մշակույթը չի խրախուսվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ բռնության բոլոր ձևերին, ոչ միայն այն դրսևորումներին, որոնք առավել հաճախ են հայտնվում հանրային օրակարգում։ «Ընտանեկան բռնության թեման, անշուշտ, կարևոր է, և այդ խնդիրը պետք է լուծվի։ Բայց բռնության մշակույթը պետք է դիտարկել ավելի լայն իմաստով», - ընդգծեց նա։
Սուրենյանցը նաև հարց է բարձրացնում՝ արդյոք կանանց իրավունքների պաշտպանության մասին արվող հայտարարությունները չե՞ն կորցնում իրենց ազդեցությունը, երբ հասարակության մի հատված դրանք ընկալում է որպես ընտրովի մոտեցում։ Նրա գնահատմամբ՝ բռնության դեմ պայքարի հիմնական պատասխանատվությունը պետական ինստիտուտների վրա է։
«Երբ երկրում կա բռնության մշակույթ, դրա վերացման առաջին պատասխանատուն իշխանությունն է։ Իշխանությունը պետք է ոչ միայն խոսի դրա մասին, այլև իր քաղաքականությամբ նպաստի այդ մշակույթի վերացմանը»,- կարծիք հայտնեց Սուրենյանցը։
Ուստի, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը նոր հարցեր է առաջացնում։ Եթե խոսքը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը, ապա արդյոք այդ խոսույթը ներառո՞ւմ է նաև քաղաքական ճնշումների ենթարկվող կանանց խնդիրները։ Կամ՝ ինչպե՞ս է անդրադառնում այն մայրերի ցավին, որոնք տարբեր իրավիճակներում զրկվել են իրենց անչափահաս երեխաների հետ լիարժեք շփվելու հնարավորությունից։
Այս դեպքում հետևյալ հարցն է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այդ կանանց կրած տառապանքների համար։ Արդյոք կանանց պաշտպանության մասին հայտարարությունները չեն ընկալվում որպես ձևական ու ցուցադրական քայլ, եթե դրանք չեն հասցեագրում նաև այս հիմնախնդիրները։
Հասմիկ Մովսիսյան