Oragir.News լրատվականը պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել Հրազդանի համայնքապետարան՝ նախատեսվող մայթերի կառուցման աշխատանքների, դրանց գնագոյացման հիմնավորումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում հայտնվել էր այն փաստը, որ մայթերի կառուցման համար նախատեսվել է շուրջ 451.9 միլիոն դրամ:
Համեմատության համար նշվել էր Մ-10 միջպետական ավտոճանապարհի շուրջ 7.5 կմ ճանապարհահատվածի միջին նորոգումը, որն արժեցել էր մոտ 494.7 միլիոն դրամ: Ստացվում էր, որ քաղաքային մայթերի գինը գրեթե հավասարվում էր միջպետական նշանակության խոշոր ճանապարհի ծախսերին:
Ի պատասխան
Oragir.News-ի հարցման՝ Հրազդանի համայնքապետարանը ներկայացրել է իր պաշտոնական հիմնավորումներն ու պարզաբանել ստեղծված իրավիճակը:
Այսպես, Հրազդանի համայնքապետարանից հայտնում են, որ միջպետական ճանապարհի և քաղաքի մայթերի միջև արվող թվային համեմատությունը լիարժեք համադրելի չէ, քանի որ դրանք բոլորովին տարբեր բնույթի, ծավալի և տեխնիկական լուծումներ ունեցող աշխատանքներ են:
Որպես բարձր արժեքի հիմնավորում՝ կառույցը նշում է նախագծի հետևյալ մանրամասները. նախատեսված է շուրջ 4․7 կմ ընդհանուր երկարությամբ և 3․5 մետր լայնությամբ մայթերի կառուցում: Օգտագործվելու են բազալտե եզրաքարեր և բազալտե սալիկներ:
Ըստ համայնքապետարանի՝ հենց բազալտի կիրառումն է, որ կապահովի մայթերի երկարատև շահագործումը, բարձր դիմացկունությունը և պահպանված տեսքը տարիների ընթացքում: Նախագծում ներառված է նաև հատուկ հեծանվուղու կառուցում:
Ընդ որում, հետիոտնային և հեծանվային հատվածները միմյանցից տարանջատվելու են գրանիտե եզրագծով, ինչը նույնպես ազդում է աշխատանքների ինքնարժեքի վրա:
Մրցույթների տապալումը. ինչո՞ւ շինարարական կազմակերպությունները հայտ չեն ներկայացրելՀամայնքապետարանն իր պատասխանում բացահայտում է մի ուշագրավ փաստ. նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով արդեն երկու անգամ հայտարարվել է բաց մրցույթ (ծածկագրեր՝ ԿՄՀՔ-ԲՄՍՇՁԲ-26/38 և ԿՄՀՔ-ԲՄՍՇՁԲ-26/46), սակայն երկու դեպքում էլ որևէ մասնակից հայտ չի ներկայացրել:
«Եթե աշխատանքների արժեքը շուկայականից բարձր է, ինչպես Դուք եք նշում, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հանրապետությունում գործող որևէ շինարարական կազմակերպություն չի մասնակցել մրցույթին և չի ներկայացրել իր առաջարկը։ Աշխատանքների արժեքի վերաբերյալ գնահատականներ կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն թվային համեմատությունները, այլև աշխատանքների բնույթը, կիրառվող նյութերը և նախագծային լուծումները»,- նշված է պարզաբանման մեջ:
Հասմիկ Մովսիսյան