Ներքին Միտք 1 ժամ առաջ - 16:13 27-07-2026

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Հայաստանում նախատեսվում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։

Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախագծով սահմանվում են հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման, ցածր ամպամածության վերացման և այլ օդերևութաբանական երևույթների վրա ներգործության իրականացման նպատակները, մեթոդներն ու անվտանգության պահանջները։

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները նախատեսվում է իրականացնել բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանության նպատակով։

Դիտված և կանխատեսվող չորային եղանակային պայմաններում կարող են իրականացվել տեղումների խթանման աշխատանքներ։ Մառախուղի ցրումը և ցածր ամպամածության վերացումը նախատեսվում է իրականացնել օդանավակայանների, ավտոմոբիլային ճանապարհների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգ գործունեությունն ապահովելու համար։

Ակտիվ ներգործությունները կարող են իրականացվել հրթիռային և ավիացիոն եղանակներով, հակակարկտային կայանքների, քիմիական ռեագենտների, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Նախագծով նախատեսվում է, որ աշխատանքները կիրականացվեն օդերևութաբանական դիտարկումների, ռադիոլոկացիոն և արբանյակային տվյալների ու կանխատեսումների վերլուծության հիման վրա՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։Նախքան ներգործություն իրականացնելը մասնագիտական կառույցը պետք է գնահատի դրա նպատակահարմարությունը, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև բնակչության, շրջակա միջավայրի և հարակից տարածքների վրա հնարավոր ազդեցությունը։

Յուրաքանչյուր ներգործության դեպքում պետք է գրանցվեն դրա ամսաթիվը, ժամանակահատվածը, աշխարհագրական կոորդինատները, կիրառված մեթոդներն ու սարքավորումները, օգտագործված նյութերի տեսակն ու քանակը և կատարված աշխատանքի արդյունքները։Գազային կամ պայթյունավտանգ նյութերով գործող կայանքները պետք է համալրված լինեն գազի արտահոսքի հայտնաբերման և վերահսկման ավտոմատ համակարգերով։

Տեխնիկական անսարքության, գազի արտահոսքի կամ հրդեհավտանգ իրավիճակի դեպքում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։Նախագծի հիմնավորման համաձայն՝ ոլորտում ներկայում բացակայում է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման համալիր կարգավորումը։

Որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի նախատեսում։Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր