Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում թարմացվել է Ռուսաստանի տարածքում առաջնահերթ թիրախների ցանկը։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ պատժամիջոցներ ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել Ռուսաստանի տնտեսական ու ռազմական կարողությունները և ստիպել Մոսկվային գնալ դիվանագիտական լուծումների։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածային շառավիղն արդեն գերազանցում է 3000 կիլոմետրը՝ հասնելով մինչև Ուրալ և Սիբիր։ Ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է ավելի քան հազար հարված ռուսական նավթային, ռազմարդյունաբերական և լոգիստիկ ենթակառուցվածքներին։
Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ Ռուսաստանի խորքային տարածքները, որոնք նախկինում անվտանգ էին համարվում, այժմ լուրջ մարտահրավեր են դարձել ՌԴ ղեկավարության համար, քանի որ ՀՕՊ համակարգերի հիմնական մասը կենտրոնացված է Մոսկվայի, պետական նստավայրերի, Սանկտ Պետերբուրգի և Ղրիմի կամրջի պաշտպանության վրա։
Թամարա Քալանթարյան