Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում, այսպես կոչված՝ անկլավների թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում։ Թեև իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ սահմանազատման գործընթացը պետք է ընթանա իրավական հիմքերով, հասարակության շրջանում շարունակում են տարբեր գնահատականներ հնչել՝ կապված հնարավոր զարգացումների հետ։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է քաղաքացիներից, թե՝ նրանց կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կհանձնի՞ այսպես կոչված անկլավները Ադրբեջանին։
Քաղաքացիների կարծիքները կտրուկ տարբերվեցին։ Մի մասը համոզված էր, որ նման քայլ կլինի, մյուսները վստահություն հայտնեցին իշխանությունների նկատմամբ, իսկ ոմանք հրաժարվեցին թեմայի շուրջ խոսել՝ նշելով, որ չեն ցանկանում անդրադառնալ քաղաքականությանը։
«Ամեն ինչը հերթով հանձնում է, ուրեմն եթե պահանջեն, անկլավներն էլ կհանձնի»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մյուս քաղաքացին հակառակ տեսակետն ուներ. «Ես Նիկոլ Փաշինյանից գոհ եմ։ Շատ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ են կառուցվում։ Չեմ կարծում, որ անկլավները կհանձնվեն»։
Մեկ այլ քաղաքացի ևս վստահություն հայտնեց իշխանությունների գործողություններին՝ նշելով. «Մենք վստահում ենք նրան։ Ինքը գիտի՝ ինչ է անում, խնդիր չեմ տեսնում»։
Եղան քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին պատասխանել քաղաքական հարցերին։
«Ես այդ հարցերին չեմ պատասխանում, քաղաքականությունից չեմ խոսում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մյուսը, ով նշեց, որ ՀՀ քաղաքացի չէ, ասաց. «Չգիտեմ՝ ինչ կլինի, Աստված չանի, որ հանձնեն։ Ամեն ինչ Աստծո կամքով է»։
Հնչեցին նաև ավելի ընդարձակ գնահատականներ։ Հարցման մասնակիցներից մեկը կարծիք հայտնեց, որ խնդիրը միայն այսօրվա իշխանությունները չեն։
«40 տարի է՝ նորմալ ղեկավար չենք տեսել։ Բայց հարցը դա չէ։ Պետք է հասկանալ՝ ինչու է երկիրը այս վիճակում հայտնվել, ինչու չենք կարողանում միասնական պետություն կառուցել։ Մեզ անընդհատ իրար դեմ են լարում, իսկ իրական պատճառների մասին գրեթե չեն խոսում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան