ՀՀ-ից մրգի և բանջարեղենի արտահանման հետ կապված խնդիրներ կան։ Ենթադրելի էր, որ տեղական շուկայում դրանց գները կիջնեն։ Դրանից զատ ամառվա կեսերից որոշ ապրանքների գները բնականաբար նվազում են։ Բայց բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ այս տարի մի շարք մթերքներ նախորդ տարվա համեմատ թանկացել են։
Oragir.News-ը Երևանի շուկաներից մեկում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ փոփոխություններ են նկատում մրգի և բանջարեղենի գներում, և գների նվազում արձանագրե՞լ են։
Քաղաքացիներից ոմանք նշեցին, որ հատկապես թանկացել են ծիրանը, կեռասը և բանջարեղենի որոշ տեսակներ։
«Ծիրանը թանկ է այս տարի, բանջարեղենն ընդհանրապես թանկ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ հարցված նշեց, որ գների նվազում չի նկատել․
«Չէ, ոչինչ չի նվազել։ Ծիրանը հիմա էլ 1000 դրամից չի իջնում։ Առաջ կարող էր ավելի էժան լինել»։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ որոշ ապրանքներ հնարավոր է գտնել ավելի մատչելի գնով․
«Երեկ պատահական 500 դրամով սալոր եմ առել, սովորական սալոր։ Բայց ընդհանուր թանկ է»։
Հարցվածներից մի քանիսը նշեցին, որ թանկացումները հատկապես զգալի են թոշակառուների համար։
«Ես թոշակառու անձնավորություն եմ, թոշակը բաժանում եմ, չի հերիքում միայն միրգ ու սննդամթերք գնելու համար»,- ասաց թոշակառու քաղաքացին։
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցներից ոմանք նշեցին, որ գների տարբերություն կա նաև տարբեր շուկաների և վաճառքի կետերի միջև։
«Մալաթիան ավելի էժան է, այստեղ շատ թանկ է»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Ոմանք էլ նշեցին, որ իրենց համար գների փոփոխությունն այնքան էլ նկատելի չէ կամ օգտվում են սեփական այգու բերքից։
«Ես չեմ օգտվում առհասարակ, որովհետև ունենք սեփական այգի, օգտվում եմ իմ այգուց»,- ասաց հարցվածներից մեկը։
Քաղաքացիները նաև նախորդ տարվա համեմատությամբ նշեցին, որ այս տարի որոշ ապրանքներ ավելի թանկացել են։
«Նախորդ տարի ավելի էժան էր, քան այս տարի»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:
Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան