Մոտ մեկ ամիս առաջ Oragir.News-ը «Գիտական կոնֆերանսնե՞ր, թե՞ բյուջետային տուրիզմ․ ԵՊՀ-ում ԱԳՆ-ից շատ են ճանապարհորդում» վերտառությամբ
հոդված էր հրապարակել։
Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի կողմից ավիատոմսերի ձեռքբերման ծախսերին՝ նշել էինք, որ բյուջետային միջոցներից մեծածավալ հատկացումներ են կատարվել 2026 թվականի ապրիլ ամսին։
Այսօր արդեն ԵՊՀ-ն հանդես է գալիս պարզաբանմամբ՝ ներկայացնելով նոր շտկված տեղեկություններ։

Ըստ ԵՊՀ հիմնադրամի կարիքների համար հուլիսի 13-ին հրապարակված պաշտոնական ճշգրտված տեղեկատվության՝ ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը փաստացի վերաբերում է 2026 թվականի հունիս ամսվան։

Հրապարակված ցանկում ներառված է ընդհանուր առմամբ 59 գնում, որոնք բոլորն էլ իրականացվել են էկոնոմ դասով։

Ուսումնասիրելով ներկայացված հաշվետվությունը՝ հունիս ամսվա ընթացքում ամենախոշոր ծախսերն ուղղվել են դեպի եվրոպական և ամերիկյան գիտակրթական կենտրոններ։
Այսպես՝ ամենաթանկարժեք տոմսը Երևան-Լոս Անջելես-Երևան ուղղությամբ է, որի արժեքը կազմել է 409․410 դրամ (Booking.com-ի միջոցով)։ Ցուցակում մեծ թիվ են կազմում դեպի Փարիզ, Վիեննա, Բրյուսել, Վարշավա, Պրահա և Սանկտ Պետերբուրգ չվերթները։ Կան ուղղություններ, որտեղ միանգամից ձեռք է բերվել 2 կամ 3 տոմս (օրինակ՝ Երևան-Վարշավա-Երևան՝ 3 տոմս՝ 418․908 դրամ ընդհանուր արժեքով), ինչը հուշում է պատվիրակությունների կամ գիտական խմբերի գործուղումների մասին։

Համալսարանը տոմսերը ձեռք է բերել ինչպես հայտնի առցանց հարթակներից (Kiwi.com, Trip.com, Wizzair.com, Booking.com), այնպես էլ ուղիղ ավիաընկերություններից (Austrian Airlines, Aeroflot, LOT Airlines)։ Այսպիսով, ԵՊՀ-ն փաստացի արձանագրում է, որ ծախսերը եղել են ամառային ակտիվ շրջանում՝ հունիսին, երբ սովորաբար տեղի են ունենում միջազգային գիտաժողովներ, փոխանակման ծրագրեր և ակադեմիական փոխայցելություններ։
Հասմիկ Մովսիսյան