Արման Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչու՞ առաջնագծի խրամատում կանգնած զինվորի ծառայությունը մշտապես չի կարող լինել առավելագույնս արդյունավետ
Խնդիրը զինվորի կամքի կամ հայրենասիրության մեջ չէ։ Խնդիրը ծառայության կազմակերպման, մարտավարության և համակարգի մեջ է։
1. Անընդհատ հերթափոխ, բայց ոչ լիարժեք պատրաստություն
Առաջնագծում զինվորը հերթափոխով իրականացնում է մարտական հերթապահություն։
Դիրքից իջնելուց հետո նրան չի սպասում հանգիստը, այլ արթուն հերթափոխ, սնունդ, անձնական հիգիենա, զենքի ու դիրքի սպասարկում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ինժեներական աշխատանքներ։
Այս ռեժիմի պատճառով ստորաբաժանումները հաճախ չեն հասցնում անցնել անհրաժեշտ ֆիզիկական, կրակային և մասնագիտական-մարտավարական պատրաստվածություն։ Արդյունքում զինվորը ավելի շատ զբաղված է հերթապահությամբ, քան իր մարտական հմտությունները զարգացնելով։
2. Գերհոգնածությունը դառնում է մշտական ուղեկից
Մոտ երկու շաբաթ շարունակվող նման ծառայությունը հանգեցնում է քնի պակասի, ֆիզիկական և հոգեկան հոգնածության, ուշադրության անկման և արձագանքման արագության նվազման։ Սա արդեն ոչ թե անհատի, այլ ամբողջ ստորաբաժանման մարտունակության խնդիր է։
3. Կյանքեր խլող ենթամշակույթ, որը պետք է վերանա
Տարիների ընթացքում ձևավորվել է մի մտածելակերպ, ըստ որի՝ հերթապահության ժամանակ քնելը համարվում է ամոթալի կամ պատժելի։ Իբր զինվորը պոստում չքնի, «քֆուր» են դնում։ Դրա հետևանքով որոշ զինվորներ, որպեսզի չքնեն և չդառնան ծաղրի կամ ճնշման թիրախ, նույնիսկ վնասում են իրենց՝ օրինակ՝ ծխախոտով այրում են ձեռքերը, ոտքերով հարվածում են քարերին, ձեռքով հարվածում են սաղավարտին և այլն։ Իսկ այդ ենթամշակույթի պատճառով հաճախ տեղի են ունենում սպանություններ և ինքնասպանություններ։
Սա կարգապահություն չէ։ Սա համակարգային գերհոգնածության և սխալ մոտեցումների հետևանք է։ Արդյունավետ բանակը չի կառուցվում վախի կամ նվաստացման միջոցով, այլ՝ առողջ կարգապահությամբ, փոխադարձ հարգանքով և ճիշտ կազմակերպված ծառայությամբ։
4. Պաշտպանական դիրքում կանգնած զինվորը կրում է առաջին հարվածը
Երբ ստորաբաժանումը հիմնականում գործում է պաշտպանական ռեժիմում, նախաձեռնությունն ավելի հաճախ անցնում է հակառակորդին։ Հարվածի ժամանակը, ուղղությունը և միջոցները հաճախ ընտրում է հենց նա, իսկ առաջնագծում կանգնած զինվորն առաջինն է կրում դրա հետևանքները։ Եթե դիրքերը բավարար չափով պաշտպանված չեն և տեխնոլոգիական առավելություն չկա, ապա նույնիսկ լավագույն զինվորը հայտնվում է չափազանց ծանր պայմաններում։
Մենք տարիներ շարունակ խոսել ենք հերոս զինվորի մասին, բայց շատ ավելի քիչ ենք խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է նա ծառայում։
Բանակը չի սկսվում միայն խիզախ զինվորից։ Այն սկսվում է ճիշտ կազմակերպված ծառայությունից, բավարար հանգստից, շարունակական մարտական պատրաստությունից, ժամանակակից ինժեներական պաշտպանությունից և այնպիսի հրամանատարական համակարգից, որը զինվորին չի դարձնում պարզապես կորուստների հաշվարկի միավոր։
Եթե ուզում ենք հաղթող բանակ ունենալ, ապա պետք է փոխենք ոչ թե զինվորին, այլ այն համակարգը, որի պայմաններում նա ծառայում է»։