Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:00 13-07-2026

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներին ուզում է ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ․ քաղաքագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ամբողջ հարցն այն է, թե մենք ինչ ենք հասկանում «կարգավորում» ասելով։ Իմ դիտարկմամբ, դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից, հիմնական խնդիրը վերաբերում է Հորմուզի նեղուցի ռեժիմին։ Իրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ վերահսկել նեղուցը, սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Օմանի հատվածը բավականին ծանծաղ է, և խոշոր նավերը այնտեղով չեն կարող անցնել։ Ուստի խնդիրը Իրանի կողմից նեղուցը վերահսկելն ու դրանից եկամուտ ստանալն է, ինչպես, օրինակ, Եգիպտոսն է անում Սուեզի ջրանցքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված նոր հարվածներին և հակամարտության հնարավոր ընդլայնմանը։


Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Նշենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մերձակայքում նախորդ օրը իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահանգներն այսօր առավոտյան նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Վաշինգտոնի պնդմամբ՝ դրանք պատասխան էին Թեհրանի կողմից նավագնացության դեմ իրականացված վերջին հարձակումներին։ Միաժամանակ չի հստակեցվում, թե արդյոք Պարսից ծոցի տարածաշրջանում գործողությունները շարունակվել են հուլիսի 13-ի առավոտվա դրությամբ։

Ստեփան Դանիելյանը շեշտում է, որ ԱՄՆ-ն դեմ է Հորմուզի նեղուցում նման ռեժիմի սահմանմանը։ «Երբ ԱՄՆ-ն փորձում է խախտել այդ ռեժիմը, Իրանը հարվածներ է հասցնում նավթ տեղափոխող որոշ նավերի, իսկ ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցնում Իրանին։ Թե այս խնդիրը ինչպես կլուծվի, ես չգիտեմ, բայց տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե Իրանը զիջումների չգնա, միևնույն է, վերահսկելու է Հորմուզի նեղուցը, իսկ Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները ստիպված են լինելու հաշվի նստել այդ իրողության հետ»,- կարծում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն միայն օդային հարվածներով չի կարող գրավել Իրանը։ «Իրանը գրավելու համար անհրաժեշտ են ցամաքային գործողություններ, որոնք ԱՄՆ-ն չի կարող իրականացնել։ ԱՄՆ-ն ի զորու չէ ցամաքային գործողություններ իրականացնելու, որովհետև ափը բավականին երկար է, այնտեղ հիմնականում լեռնային շրջաններ են, իսկ Իրանը այնտեղ տեղակայված զինատեսակներ ունի, որոնցով հարվածում է և բարդացնում ԱՄՆ-ի գործողությունները։ Բացի այդ, Իրանը մեծ քանակությամբ փոքր ռազմական մոտորանավակներ ունի»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքին, որ ԱՄՆ-ին չի հաջողվում Իրանի դեմ ձևավորել արաբական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների կոալիցիա։

«Թեև Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել են որոշ ձևակերպումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես համատեղ պատասխանատվության հիմք, և այնտեղ եղել է նաև Իրանին վերաբերող կետ, որով ԱՄՆ-ի նախագահը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ներքաշել Իրանի դեմ գործողությունների մեջ, այնուամենայնիվ, դաշինքի մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան և Իտալիան, դեմ են դրան։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դեռևս դժվար է ասել»։

Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի համար այս իրավիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ, Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, բնականաբար, անդրադառնում է նաև մեր տարածաշրջանի վրա։

«Իրան-Միացյալ Նահանգներ այս սողացող պատերազմը, բնականաբար, իր ազդեցությունն ունի, բայց, ինչպես Իրանի հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների միջև կան հակասություններ, այնպես էլ այնպիսի տպավորություն է, որ նրանց միջև կան հակասություններ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում։ Եվրոպական միությունը ցանկանում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այսպես կոչված TRIPP նախագծում, բայց Միացյալ Նահանգները, կարծես թե, դեմ է դրան, և այստեղ ևս հակասություններ կան»,- կարծում է նա։

Ստեփան Դանիելյանը հավելեց, որ եթե Իրանի հարցը որոշակի լուծում ստանա, ապա տարածաշրջանային մյուս հարցերը ևս կարող են որոշակիորեն հստակեցվել, սակայն դրանք ամբողջությամբ չեն վերանա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի