Ներքին Խոսք 4 ժամ առաջ - 21:26 13-07-2026

Հայաստանում փոխվել են երաշխիքային կանոնները․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր գնորդ

Մերի Հակոբյան

Լրագրող

«Հիմա մեկ տարվա փոխարեն երկու տարվա երաշխիք է տրվելու, և դա դրական փոփոխություն է, քանի որ սպառողը ավելի պաշտպանված է լինելու։ Եթե առաջ ապրանքը առաջին տարվա ընթացքում փչանալու դեպքում քաղաքացին էր փորձում ապացուցել, որ խնդիրը իր մեղքով չի առաջացել, ապա հիմա արդեն վաճառող կողմը պետք է ապացուցի, որ ապրանքի վնասվելը կապված է գնորդի գործողությունների հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ անդրադառնալով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի փոփոխություններին։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումները վերաբերում են այն ապրանքներին, որոնց համար վաճառողը տրամադրում է երաշխիքային սպասարկում, այդ թվում՝ կենցաղային տեխնիկային և այլ ապրանքատեսակների։

«Եթե նախկինում խանութը, օրինակ, տեխնիկայի համար տալիս էր մեկ տարվա երաշխիք, այժմ սահմանվում է երկու տարվա երաշխիքային ժամկետ։ Այսինքն՝ քաղաքացին ավելի երկար ժամանակահատվածում կարող է պաշտպանել իր իրավունքները, եթե ապրանքի հետ կապված խնդիր առաջանա»,- նշեց Ղուկասյանը։

Քաղաքագետը պարզաբանեց, որ փոփոխության կարևոր կետերից մեկն այն է, թե ով է պարտավոր ապացուցել ապրանքի անսարքության պատճառը։

«Առաջ հաճախ իրավիճակն այնպիսին էր, որ քաղաքացին գնում էր խանութ, ասում էր՝ ապրանքը փչացել է, իսկ իրեն ասում էին՝ դուք եք վնասել, ապացուցեք հակառակը։ Հիմա առաջին տարվա ընթացքում արդեն վաճառողն է պարտավոր հիմնավորել, որ ապրանքի խնդիրը սպառողի սխալ օգտագործման հետևանք է»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ նոր կարգավորումներով սպառողն ունի նաև այլ պահանջներ ներկայացնելու հնարավորություն։

«Եթե քաղաքացին գնել է ապրանք, և այն չի համապատասխանում պահանջներին կամ առաջացել է խնդիր, նա կարող է պահանջել ոչ միայն վերանորոգում, այլ նաև փոխարինում կամ որոշ դեպքերում՝ գումարի վերադարձ։ Սա ևս կարևոր փոփոխություն է, քանի որ նախկինում սպառողը հաճախ սահմանափակ հնարավորություններ ուներ»,- նշեց նա։

Միաժամանակ, Արման Ղուկասյանը նկատեց, որ օրենքի կիրառման համար անհրաժեշտ է նաև վերահսկողություն և քաղաքացիների իրազեկում։

«Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան՝ ինչ իրավունքներ ունեն։ Հայաստանում հաճախ օրենքներ են ընդունվում, սակայն քաղաքացիները դրանց մասին տեղեկանում են շատ ուշ կամ ընդհանրապես չեն տեղեկանում։ Արդյունքում մարդը չի կարողանում օգտվել այն հնարավորություններից, որոնք իրեն օրենքով տրված են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պետության պարտականությունը պետք է լինի ոչ միայն օրենսդրական փոփոխություններ իրականացնելը, այլև դրանց մասին հանրությանը հասանելի ձևով տեղեկացնելը։

«Օրենքները ընդունվում են մարդկանց համար։ Եթե քաղաքացին չգիտի օրենքը, այն փաստացի չի աշխատում։ Պետք է լինեն իրազեկման ծրագրեր, որ մարդիկ հասկանան՝ ինչ իրավունքներ ունեն և ինչպես կարող են դրանք պաշտպանել»,- նշեց Ղուկասյանը։

Անդրադառնալով իր կողմից թեմայի բարձրաձայնմանը՝ նա նշեց, որ սոցիալական ցանցերի միջոցով փորձում է ներկայացնել քաղաքացիներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները։

«Ես իրավաբան չեմ, ես քաղաքագետ եմ, բայց փորձում եմ ուսումնասիրել նման փոփոխությունները և իմ հնարավորությունների չափով մարդկանց ներկայացնել։ Սակայն նման աշխատանքը չպետք է մնա միայն անհատների վրա, դա պետք է լինի պետական համակարգված քաղաքականություն»,- եզրափակեց Արման Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներ, որոնցով նոր գնվող ապրանքների համար սահմանվում է առնվազն 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների դեպքում՝ առնվազն 1 տարի։ Փոփոխություններով նախատեսվում են նաև սպառողի պահանջների ներկայացման նոր հնարավորություններ՝ վերանորոգում, փոխարինում, գնի նվազեցում կամ պայմանագրի լուծում և գումարի վերադարձ։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով