ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում տեղ գտած կենսագրականները երբեմն աչքի են ընկնում այնպիսի չափազանցված ու տպավորիչ ձևակերպումներով, որոնք ակամա հիշեցնում են մաթեմատիկայի պատմության մեծագույն էջերը:
Ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության պաշտոնական բնութագրման՝ Գեղամ Գևորգյանը «հարստացրել է մաթեմատիկական գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով»:
Նրա գիտական հաշվետվության մեջ շեշտվում է, որ նրա ուսումնասիրությունները բերել են որոշակի բնագավառների «էական առաջընթացի», իսկ մի շարք խնդիրներ ստացել են իրենց «վերջնական լուծումը»:

Ըստ կենսագրականի՝ նա հանդիսանում է ավելի քան 70 գիտական աշխատանքների և դպրոցական դասագրքի համահեղինակ, եղել է ԵՊՀ դեկան, պրոռեկտոր և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Գիտական և վարչական աշխատանքին զուգահեռ, Գեղամ Գևորգյանը երկար տարիներ ներգրավված է եղել ֆինանսաբանկային համակարգում: 2006-2017 թվականներին նա հանդիսացել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի, իսկ 2017-2022 թվականներին՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ (նաև խորհրդի նախագահի տեղակալ):

Համադրելով պաշտոնական փաստաթղթերը՝ պարզ է դառնում, որ ակադեմիկոս և բանկի խորհրդի անդամ Գ. Գևորգյանի որդին՝ Գրիգոր Գեղամի Գևորգյանը (ծնված 04.01.2000 թ.), օգտվել է պետական արտոնությունից, կարողացել է լիովին օրինական հիմքերով տարկետում ստանալ և չգնալ բանակ:

Ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի՝ Գրիգոր Գևորգյանին, որպես կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացու, շնորհվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը (բայց ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալը): Տարկետման հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը:
Հասմիկ Մովսիսյան