Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:45 09-07-2026

Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

«Դատարանի որոշում կար բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին։ Նախնական տեղեկություններով մեզ ասացին, որ դա կապված է իմ որդու՝ Կարեն Լազարյանի գործունեության հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր Գորիսի բնակարանում իրականացված խուզարկությանը։

Նրա խոսքով՝ առավոտյան, երբ ինքը Կապանում էր, Գորիսից իրեն զանգահարել է թոռը և հայտնել, որ երեք իրավապահներ գտնվում են բնակարանում և խուզարկություն են իրականացնում։

«Ես այդ պահին Կապանում էի։ Թոռս զանգեց ու ասաց, որ երեք հոգի եկել են տուն խուզարկելու։ Ասացի՝ թող խուզարկեն, ինչ խնդիր կա։ Դատարանի որոշում ներկայացրել են, որտեղ նշված էր, որ թույլատրվում է բնակարանում խուզարկություն իրականացնել։ Նախնական տեղեկություններով էլ ասել են, որ դա կապված է որդուս՝ Կարեն Լազարյանի գործունեության հետ»,- պատմեց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ իրավապահների գործողությունները տևել են մոտ մեկ ժամ, սակայն որևէ ապօրինի առարկա կամ փաստաթուղթ չեն հայտնաբերել։

«Ոչինչ չեն գտել։ Գտել են միայն Կարեն Լազարյանի՝ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, «Միասնության թևեր» դաշինքի մեկ-երկու բուկլետ և երեխաների համար նախատեսված ինչ-որ քարտեր։ Դրանով էլ ավարտվել է խուզարկությունը»,- ասաց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ որդին՝ Կարեն Լազարյանը, շուրջ 16 տարի ղեկավարել է Գորիսի պետական քոլեջը և, իր գնահատմամբ, այդ տարիներին հեղինակություն է վայելել ինչպես ուսանողների, այնպես էլ քաղաքի բնակիչների շրջանում։ Սակայն, ըստ նրա, իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Լազարյանը հրաժարվել է կրթական հաստատությունը ծառայեցնել քաղաքական նպատակների։

«Կարեն Լազարյանը 16 տարի ղեկավարել է Գորիսի պետական քոլեջը։ Բայց քանի որ հետևողականորեն թույլ չէր տալիս, որ քոլեջը քաղաքական նպատակներով օգտագործվի, ապա տեղական իշխանությունների, մասնավորապես մարզպետի և Գորիսից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի համար դարձել էր անցանկալի անձ։ Այդ պահից էլ սկսվեցին նրա դեմ գործողությունները»,- ասաց նա։

Խմբագրի խոսքով՝ այդ գործողությունների շրջանակում լուծարվել է Գորիսի պետական քոլեջը, Կարեն Լազարյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։

«Կարեն Լազարյանին աշխատանքից ազատեցին, բայց նա դիմեց դատարան։ Դատարանը որոշեց, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանն ապօրինի է և պետք է չեղարկվի։ Այսինքն՝ դատարանը փաստացի հաստատեց, որ նրա ազատումն իրավաչափ չէր»,- նշեց Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ դրանով գործընթացը չի ավարտվել։ Նրա խոսքով՝ հետագայում փորձ է արվել նաև Լազարյանին զրկել մասնագիտական հավաստագրումից, և այդ գործն այժմ ևս քննվում է դատարանում։

«Հավաստագրման ընթացքում նույնպես բազմաթիվ խախտումներ են եղել։ Այդ գործն էլ հիմա դատարանում է քննվում»,- ասաց նա։

Սամվել Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր բնակարանում իրականացված խուզարկությունը նույն շղթայի հերթական օղակն է։

«Երբ չկարողացան այլ ճանապարհով արդյունքի հասնել, փորձեցին նոր փաստեր գտնել Կարեն Լազարյանի դեմ։ Բայց դա ևս ձախողվեց։ Խուզարկողները եկել են ու, ըստ էության, ծիծաղելի վիճակում հայտնվել, որովհետև որևէ բան չեն գտել»,- հայտարարեց նա։

Ալեքսանյանը նաև դժգոհություն հայտնեց լրատվամիջոցների մի մասի հրապարակումների վերաբերյալ՝ նշելով, որ նախկինում իր որդու մասին տարածված տեղեկություններն, իր կարծիքով, եղել են միակողմանի։

«Ես ուզում եմ, որ իմ խոսքը նույնպես հնչի։ Կարևոր է, որ ներկայացվի նաև մյուս կողմի դիրքորոշումը, որովհետև այն, ինչ կատարվում է, իմ համոզմամբ, պատահական չէ»,- եզրափակեց «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
20:18 ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
19:55 Ժողովուրդ ջանի ուշադրությունը պետք է շեղել չլուծված հիմնախնդիրներից, ուստի Փաշինյանը նորից հիշել է հեծանիվը