Նախքան Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը՝ հասարակությունը բաժանված էր 3 դասերի՝ ազնվականներ, հոգևորականներ և քաղքենիներ։ Ազնվականը կռվում էր բոլորի համար, հոգևորականն աղոթում էր բոլորի համար, քաղքենին աշխատում էր բոլորի համար։ Ներկայում ազնվական չկա։ Ո՞վ է կռվելու բոլորի համար։
Հունիսի 11-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։ Այս հայտարարությունը ոչ միայն վիրավորական է, այլև պարունակում է մեղադրանք։ Փաշինյանը հրապարակավ մեղադրում է ժողովրդի կեսին կաշառք վերցնելու մեջ։
Ենթադրելի էր, որ կգտնվեին արժանապատվություն ունեցող մարդիկ, որոնք իրենց հասցեին կընդունեին Փաշինյանի այս մեղադրական հայտարարությունն ու կարձագանքեին, կպահանջեին հերքում։
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները ընտրակաշառքով են քվեարկել, Բագրատ Սրբազանը գնահատել է որպես զրպարտություն, և հենց այդ հիմքով էլ դատարան ենք ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով հերքում»,-
Oragir.News-ի հետ զրույցում հուլիսի 7-ին
ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է առնվազն մեկ հոգի։ Բագրատ Սրբազանն այս հայցով ոչ միայն իր արժանապատվությունն է պաշտպանում, այլև օրինակ է ծառայում, թե ինչպես պետք է վարվի արդար, ազնիվ, արժանապատվություն ունեցող մարդը։
Հարկ է գիտակցել, որ ՔՊ-ական իշխանությունը վախենում է ժողովրդից, հատկապես նրանցից, որոնք ՔՊ-ին չեն ընտրել, չեն ընտրելու։ Փաշինյանը մի քանի անգամ ցուցադրել է իր ատելությունը այլ քաղաքական ուժերի համակիրների հանդեպ։ Հիշարժան է ԱԺ ամբիոնից հնչած «շուն ու շանգյալ» արտահայտությունը, որը հասցեագրվել էր ժողովրդի մի մասին։ Քարոզարշավի ժամանակ ևս նա չէր խնայում նրանց, որոնք հանդգնում էին Փաշինյանի առաջ սուր հարցեր բարձրացնել։
Ներկայումս քրեական հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Ասում են, թե Փաշինյանը վրեժ է լուծում նրանցից։ Ենթադրելի է, որ ընտրությունների մասնակից մյուս կուսակցությունների ղեկավարները նույնպես առաջիկայում հետապնդումների կենթարկվեն։ Իսկ դրանից հետո, հավանաբար, հերթը կհասնի նաև ընտրողներին, այսինքն՝ Փաշինյանը կթիրախավորի նաև հասարակ քաղաքացիներին։ Ենթադրելի է, որ ժողովրդի կեսին ընտրակաշառք վերցնելու մեջ մեղադրող ՔՊ-ի առաջնորդը վաղ թե ուշ կկարգադրի իրավապահներին՝ ժողովրդի կեսի դեմ քրեական վարույթներ հարուցել ընտրակաշառք վերցնելու կասկածանքով։
Հետևաբար՝ հունիսի 7-ի մասնակից 17 կուսակցությունների ողջամիտ ընտրողները կարող են օրինակ վերցնել Բագրատ Սրբազանից և նույնաբովանդակ հայցեր ներկայացնել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքում։ Այս պարագայում Փաշինյանը կա՛մ պետք է ապացուցի, որ այս ընտրողներն ընտրակաշառք են վերցրել, կա՛մ պետք է ընդունի, որ զրպարտել է նրանց, կա՛մ պետք է «կռուտիտ» լինի՝ ասելով, թե այլ բան է նկատի ունեցել։ Դրանից հետո այս մարդկանց դեմ չեն հարուցվի ընտրակաշառք վերցնելու վարույթներ։ Այսինքն՝ ընտրողները, Փաշինյանի դեմ հայց ներկայացնելով և պահանջելով հերքում, կպաշտպանեն իրենց արժանապատվությունը, կպաշտպանվեն հետագա հետապնդումներից՝ կաշառք վերցնելու կասկածանքով։
Բայց բանն այն է, որ ոչ բոլոր քաղաքացիները կարող են իրենք իրենց պաշտպանել, կռվել իրենց իրավունքների և արժանապատվության համար։ Մարդկանց մեծ մասը խելոք աշխատողներ են, ամենօրյա հոգսերի տակ ծանրացած։ Եվ նրանք ժամանակ ու նյարդ չունեն հայց ներկայացնելու դատարան, մասնակցելու երկար նիստերին և այլն։ Հետևաբար՝ հունիսի 7-ի մասնակից 17 կուսակցությունները կարող են կազմակերպել այս գործընթացները և մի քանի հազար քաղաքացիների հայցերը զանգվածաբար ներկայացնել դատարան։ Սա նաև այս կուսակցությունների արժանապատվության հարցն է։ Նրանք պարտավոր են վարվել ազնվականի պես, պաշտպանել ոչ միայն իրենց առաջնորդներին, այլև իրենց ընտրողներին, որոնք հունիսի 11-ին երկրի ղեկավարի կողմից ընտրակաշառակեր են որակվել։
Կարճ ասած՝ ընտրողներն իրավական պաշտպանության կարիք ունեն։ Եթե կուսակցությունները նրանց չպաշտպանեն, ապա անպաշտպան մնացած քաղաքացին կարող է արտագաղթել, ընտրել այլ երկիր, որի ղեկավարը ժողովրդին չի զրպարտում, իսկ քաղաքական ուժերը պաշտպանում են ժողովրդին, ազնվականի պես կռվում բոլորի համար։
Թաթուլ Մկրտչյան