Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:59 07-07-2026

Ինչու է Բագրատ Սրբազանը դատի տվել Փաշինյանին․ փաստաբանի պարզաբանումը

Մերի Հակոբյան

Լրագրող

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները ընտրակաշառքով են քվեարկել, Բագրատ սրբազանը գնահատել է որպես զրպարտություն, և հենց այդ հիմքով էլ դատարան ենք ներկայացրել հայցադիմում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ հայցով պահանջվում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և վճարել խորհրդանշական՝ 49,7 դրամ փոխհատուցում։

«Պահանջում ենք հերքում և խորհրդանշական՝ 49,7 դրամ փոխհատուցում։ Այդ թիվը խորհրդանշական է, և կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ, թե ինչի հետ է այն կապված»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ակնկալում են, որ դատարանը կբավարարի նաև այս հայցը, Սողոյանն ասաց, որ նախորդ գործերով արդեն նկատել են որոշակի օրինաչափություն։

«Եղել են և՛ բավարարված, և՛ մերժված հայցեր։ Սակայն նկատել ենք, որ երբ պատասխանողներն անմիջականորեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնյաներ են՝ պատգամավորներ կամ նախարարներ, ապա դատարանները, կարծես, խուսափում են հայցերը բավարարելուց։ Իսկ երբ խոսքը վերաբերում է իշխանությանը հարող այլ քաղաքական գործիչների կամ քարոզիչների, ապա դատարաններն ավելի հաճախ բավարարում են մեր պահանջները»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այս դատավարության նպատակը միայն կոնկրետ հայտարարությանը իրավական գնահատական տալը չէ։

«Այս գործընթացով ևս մեկ հնարավորություն ենք տալիս դատարանին ցույց տալու՝ արդյոք այն առաջնորդվում է օրենքո՞վ, թե՞ քաղաքական նկատառումներով։ Միաժամանակ ցանկանում ենք կանխել այն պրակտիկան, երբ մարդկանց կամ քաղաքացիների մեծ խմբերի հասցեին հնչում են զրպարտչական հայտարարություններ, որոնք մնում են անպատասխան»,- նշեց Սողոյանը։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատավորներն այսօր ունեն ոչ թե լիարժեք, այլ հարաբերական անկախություն։

«Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուր դատավոր ունի հարաբերական անկախություն։ Տարբեր դատական ակտերից երևում է, որ խոսքը ոչ թե բացարձակ, այլ հարաբերական անկախության մասին է, և հենց այդ պայմաններում էլ փորձում ենք պաշտպանել մեր իրավունքները»,- եզրափակեց Տաթևիկ Սողոյանը։


Մերի Հակոբյան