Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես ընդունելով, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը արդեն վերածվել է իրական պատերազմի, և դրանում ուղղակիորեն մեղադրել է արևմտյան երկրներին:
Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Պավել Զարուբինին տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը շեշտել է, որ սա իրական պատերազմ է, քանի որ Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և Վաշինգտոնը բացահայտ կանգնած են Կիևի թիկունքին:
Պեսկովի պնդմամբ՝ արևմտյան դաշնակիցները ոչ միայն զենք են տրամադրում, այլև իրենց տիեզերական արբանյակների ու ողջ հետախուզական ենթակառուցվածքների միջոցով ուղղակիորեն նպատակային հարվածում և ռուսական թիրախների վրա են ուղղորդում ուկրաինական հարվածները, ինչն էլ հակամարտությունը դուրս է բերել սկզբնական ձևաչափի սահմաններից։
Չնայած Արևմուտքի այս լայնածավալ աջակցությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, որ դա չի կարող կանգնեցնել ռուսական զորքերի համակարգված առաջխաղացումը, և որպես հաջողության օրինակ կրկին վկայակոչել է Կոնստանտինովկա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու պնդումը, թեև Ուկրաինայի նախագահ Զելենսկին դա սուտ էր անվանել, իսկ անկախ ռազմական աղբյուրները դեռ չեն հաստատել քաղաքի անկումը: Պեսկովն անդրադարձել է նաև Ռուսաստանի թիկունքային օբյեկտներին ուկրաինական ԱԹՍ-ների հասցրած հարվածներին՝ դրանք որակելով որպես ակնհայտ ահաբեկչական գործողություններ էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ:
Հատկանշական է, որ Կրեմլի կողմից պատերազմ բառի այսօրինակ պաշտոնական օգտագործումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ՝ ներառյալ Մոսկվայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Գորինովը, դատապարտվել են երկարատև ազատազրկման հենց այս հակամարտությունը պատերազմ անվանելու, բանակը վարկաբեկելու և կեղծ լուրեր տարածելու խիստ հոդվածներով:
Թամարա Քալանթարյան