Ներքին 1 ժամ առաջ - 17:00 02-07-2026

Եկեղեցու հաղթանակը կարևոր է, բայց այն դեռ վերջնական չէ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Վարազդատ Միքայելյանի գլխավորությամբ, նախօրեին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով կանխել ներխուժումը, սակայն ոստիկանությունը անգամ չէր ներկայացել։ Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը ողջունեց Հայ առաքելական եկեղեցու դիմումի հիման վրա դատարանի կայացրած որոշումը՝ այն որակելով որպես իրավական տեսանկյունից կարևոր արձանագրում։ Նա այս համատեքստում հատուկ կարևորեց Արա Զոհրաբյանի գլխավորությամբ կատարված փաստաբանական աշխատանքը։

«Մենք հատկապես Հայ առաքելական եկեղեցու մասով իրավական գործընթացներում, իմ պատկերացմամբ, առավելապես ունենում ենք իրավունքից շեղվող մոտեցումներ։ Սա կարող եմ համարել դրական բացառություն և ուղղակի պարզ ճշմարտության արձանագրում, որ ոստիկանությունը պետք է պատշաճ վարքագիծ դրսևորեր՝ Հայ առաքելական եկեղեցու դիմումի հիման վրա»,- նշեց նա։

Մելիքյանը միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ «Ամեն դեպքում մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, և որքան էլ կարևոր է այս որոշումը, պետք է հասկանալ, որ հակառակ կողմը նաև բողոքարկման հնարավորություն ունի։ Այս պահի դրությամբ գործ ունենք առաջին ատյանի դատարանի դատական ակտի, այլ ոչ թե օրինական ուժի մեջ մտած, վերադաս դատարանների կողմից հաստատված ակտի հետ»,- նկատեց փաստաբանը։

Oragir.News-ի հարցին, թե գուցե առաջիկայում այս որոշումը բողոքարկվի, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ ինքը նման հնարավորությունն ամենևին չի բացառում։

Փաստաբանը հավելեց, որ թեև որոշմանն ամբողջությամբ ծանոթ չէ, սակայն դրանում արտահայտված իրավական դիրքորոշումները վկայում են այն մասին, որ ոստիկանությունը պարտավոր էր Ստեփան Ասատրյանին դուրս հրավիրել Հովհաննավանքի տարածքից։


Դավիթ Գույումջյան