Ներքին Խոսք 58 րոպե առաջ - 20:30 22-06-2026

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները դեպի Ռուսաստան շարունակում են մտահոգել տնտեսվարողներին և հանրությանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքները Հայաստանի համար դրական չեն կարող լինել, հատկապես հաշվի առնելով երկու երկրների միջև առկա տնտեսական փոխկապակցվածությունը։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պատասխան քայլերի չի դիմում՝ սահմանափակելով ռուսական որոշ ապրանքների մուտքը Հայաստան, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Կառավարությունը բազմաթիվ փորձեր արել է այս ուղղությամբ Արևմուտքին հաճոյանալու նպատակով։

«Սա նորություն չէ։ Բայց, ի վերջո, կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք կույր չեն, և շատ լավ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցվող բազմաթիվ տնտեսական ցուցանիշներ բացառապես Ռուսաստանի Դաշնության հաշվին են ապահովվում։ Պարենային անվտանգության մասով՝ հացահատիկի ներկրման 93-95, երբեմն նույնիսկ ավելի տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Վերջին խմբաքանակը, եթե Ռուսաստանից չէր, ապա ԵԱՏՄ անդամ Ղազախստանից էր։ Այն անտրամաբանական գաղափարախոսությունը, որի վրա ոմանք, իմ համոզմամբ, նույնիսկ թուրքական փողեր են վաստակում, չունի ոչ տնտեսագիտական հիմնավորում, ոչ էլ տրամաբանություն։ Շիրինյանները, Բաբաջանյանները կամ մյուսները չեն կարողանում բացատրել իրենց ասածների տնտեսական իմաստը»,- նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ մինչ օրս չի ներկայացվել համոզիչ պատասխան այն հարցին, թե Հայաստանի համար կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծվել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման արդյունքում։

«Այսօր հասարակության մեջ բավականին լուրջ և, ես կասեի, թունավոր գաղափարախոսություն է տարածվում, թե իբր մենք ռուսական լծի տակ ենք, վասալ ենք և այլն։ Սակայն հենց այդ գաղափարախոսության կրողները և նրանց առաջնորդները շատ ավելի մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից, քան Հայաստանի սովորական քաղաքացին, որը պարզապես սպառող է և օգտվում է այս կամ այն ապրանքից․․․․մենք քիչ թշնամինե՞ր ունենք։ Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս պահին բարեկամներ ընդհանրապես չունենք։ Այս վերաբերմունքով չենք էլ կարող ունենալ։ Ինչպես Րաֆֆին էր ասում՝ «այնտեղ, որտեղ ինքներս մեզ բարեկամ չենք, ուրիշից բարեկամություն ակնկալելն անիմաստ է»»,- գնահատական հնչեցրեց Մանասերյանը։

Անդրադառնալով ռուսական կողմի սահմանափակումներին և պատասխանելով հարցին, թե արդյոք տնտեսական կամ պայմանագրային պարտավորություններ չկա՞ն, որոնք պետք է կանխեին նման սահմանափակումները, Մանասերյանը նկատեց, որ պաշտոնական Մոսկվան հիմնականում հղում է անում որակի, չափորոշիչների հետ կապված խնդիրներին։

«Նրանք չեն ասում, թե հայկական ապրանքը մեզ համար անընդունելի է։ Ասում են՝ բարելավեք որակը, կան խնդիրներ կոնյակի, ջրի, ծաղկի կամ այլ ապրանքների մասով։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քարե դարի քաղաքականության, Ռուսաստանում աշխատում է տնտեսական դիվանագիտությունը։ Նրանք դիվանագիտորեն հասկացնում են, որ «Ռոսսելխոզնադզորը» կամ այլ կառույցներ խնդիրներ են տեսնում հայկական ապրանքների որակի, չափորոշիչների, ֆիտոսանիտարական պայմանների հետ կապված»։

Տնտեսագետը քննադատում է նաև Հայաստանի իշխանությունների կողմից հաճախ հնչող դիվերսիֆիկացման քաղաքականության մասին հայտարարությունները՝ պնդելով, որ գործնականում տնտեսական կախվածությունը ոչ թե նվազում, այլ աճում է։ Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռևս չի կարողացել ձևավորել այնպիսի տնտեսական կապեր, որոնք կկարողանան փոխարինել ռուսական շուկային։

Մանասերյանը թերահավատորեն է վերաբերվում նաև այն սպասումներին, թե Եվրամիությունը կարող է ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում։ Նա հիշեցնում է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ ևս բախվել են տեղական արտադրության պահպանման խնդիրների։

«Մի՞թե եվրոպացիներին պետք է իրենց համար նոր մրցակից ստեղծել։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆրանսիացիները երբևէ թույլ տան հայկական կոնյակը, որի վերաբրենդավորման պահանջն արդեն իսկ դրված է համաձայնագրերով, լայնորեն մրցակցի Ֆրանսիայի շուկայում։ Իհարկե՝ ոչ։

Ավելի հեշտ է սիրաշահել Հայաստանին, որ այն կտրվի Ռուսաստանից։ Այդ հարցում իրենք նույնիսկ ավելի ազնիվ են։ Նրանք բացահայտ ասում են, որ իրենց նպատակը Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելը չէ, այլ Ռուսաստանի դուրսմղումը Կովկասից։ Մնացածն արդեն Հայաստանի քաղաքացիների որոշելու հարցն է»,- նկատեց տնտեսագետը։

Խոսելով քաղաքական զարգացումների մասին՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ներկայիս լարվածությունը երկարաժամկետ բնույթ չի կրի, իսկ Ռուսաստանի վարքագիծը Հայաստանի իշխանությունների նկատմամբ գնահատեց որպես քաղաքական ազդակ, որի հետևանքներն արդեն նկատելի են ներքաղաքական դաշտում։

«Շատ պարզ երևում է, թե ինչու է Ռուսաստանի Դաշնությունն այսքան ժամանակ լռում և չի շտապում շնորհավորել ներկայիս իշխանություններին։ Դա քաղաքական շատ հստակ ազդակ է։ Այն ջղաձգումները, որոնք լսում ենք իշխանական շրջանակներից, բնականաբար, դրա հետևանքն են։ Հաղթողը, արդարը կամ իր ճշմարիտ ճանապարհի վրա վստահ մարդը հոգեբանական նման վիճակում պարզապես չի լինում»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։


Հասմիկ Մովսիսյան