Ներքին 1 ժամ առաջ - 18:00 22-06-2026

«Նվե՞ր», թե՞ անվտանգության սպառնալիք. ինչու է քաղաքապետարանը վերելակների բեռը գցում երևանցիների վրա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի թիվ 305-Ա որոշումը, որով 4,6 միլիարդ դրամ արժողությամբ 505 վերելակներ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են բազմաբնակարան շենքերի սեփականատերերին (ի դեմս կառավարման մարմինների), առաջացրել էր լրջագույն մտահոգություններ և քաղաքացիական ռիսկեր։

Առաջին հայացքից «նվեր» թվացող այս քայլը, իսկ իրականում իրավական և ֆինանսական ծանր բեռը քաղաքապետարանի հաշվեկշռից բնակիչների ուսերին տեղափոխելու դասական օրինակ է։

Երևան քաղաքի ավագանու համապատասխան՝ «Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին» որոշման 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ կառավարման մարմինները պարտավոր են իրականացնել վերելակների ընթացիկ սպասարկումը։



Վերելակները հանձնվում են 77 համատիրության և 2 լիազորագրային կառավարչի։ Սա բնակիչների համար ստեղծում է լրացուցիչ ֆինանսական բեռ, իսկ կառավարման ցածր արդյունավետության պայմաններում՝ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ վերահսկողության հստակ մեխանիզմներ չկան։

Տպավորություն է՝ այս քայլով քաղաքապետարանն իրենից թոթափում է վերելակների անվտանգության, խափանումների, մաշվածության և հետագա հնարավոր վթարների ողջ իրավական ու նյութական պատասխանատվությունը։ Այսպիսով, ցանկացած տեխնիկական խնդրի դեպքում քաղաքային իշխանությունն այլևս ունի օրինական արդարացում՝ «գույքը ձերն է, դուք էլ սպասարկեք»։

Ի դեպ, 4,6 միլիարդ դրամանոց գույքի ընթացիկ և կապիտալ սպասարկումը պահանջում է հսկայական միջոցներ։ Քանի որ վերելակները հանձնվում են բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը, սպասարկման ծախսերը բնականաբար ներառվելու են համատիրությունների կողմից հավաքագրվող ամսական վճարների մեջ։ Սա անխուսափելիորեն կբերի բնակվարձերի կամ վերելակի սպասարկման վճարների թանկացման, ինչը լրացուցիչ հարված է քաղաքացիների գրպանին։

Երևանի համատիրությունների մեծ մասն ունի կառավարման ցածր արդյունավետություն, ֆինանսական թափանցիկության պակաս և բնակիչների կողմից անվստահություն։ Որոշման մեջ նշված «կառավարման մարմիններին» նման թանկարժեք և կենսական նշանակության գույք վստահելը հղի է կոռուպցիոն ռիսկերով և կամայականություններով։ Չկա որևէ հստակ մեխանիզմ, թե ինչպես է քաղաքապետարանը վերահսկելու, որ համատիրությունները չարաշահումներ չանեն կամ սպասարկման համար նախատեսված գումարները չփոշիացնեն։

Բացի այդ՝ այս որշուման հիմքում առկա է նաև ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը։Վերելակը պարզապես բակի նստարան կամ շենքի դուռ չէ, որը փչանալու դեպքում կարելի է հեշտությամբ անտեսել։ Այն բարձր տեխնիկական վտանգավորության օբյեկտ է, որից ամեն օր կախված է մարդկանց կյանքը։ Նախկինում քաղաքապետարանն ու պետությունը կենտրոնացված ձևով ինչ-որ չափով վերահսկում և ապահովում էին դրանց նվազագույն անվտանգությունը։ Իսկ հիմա, երբ այս բարդ ու վտանգավոր գործը թողել են կիսախարխուլ համատիրությունների հույսին, վերելակների քանդվելն ու շարքից դուրս գալը դառնալու է օրերի հարց։ Սա ուղղակիորեն վտանգում է շենքերում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը։

Այս որոշմամբ Երևանի քաղաքապետարանը կատարել է ձևական «բարի կամքի» դրսևորում, որի տակ թաքնված է սեփական պարտականությունները քաղաքացիների վրա բարդելու քաղաքականությունը։ «Հպարտ երևանցիները» ստացել են ոչ թե նվեր, այլ ֆինանսական բեռ, որի հետևանքները զգալու են ամենամսյա վճարումների և սեփական անվտանգության հաշվին։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը