Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 10:55 18-06-2026

Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան

Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը

Հունիսի 7-ի ընտրություններից հետո մենք մտել ենք աննախադեպ մի իրականություն, որը լուծում է պահանջում։ Հենց այնպես մոռացության տալ, չտեսնելու տալ՝ չի հաջողվելու։ Երեք տեղամասերի վերաքվեարկության հարցը լուծում է պահանջում, որովհետև այն միայն երեք տեղամասերի մասին չէ, և միայն ԲՀԿ-ի մասին չէ։ Այն շատ ավելի խոր խնդիր է։ ՍԴ դիմելու նախօրյակին փորձեմ հստակեցնել մի քանի հարց։

Սա հարձակում է ժողովրդավարության դեմ

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող հարցերը լուծվում են այնպես, որ ընտրողները զրկվում են իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից, վտանգի տակ է դրվում հենց ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Խնդիրը միայն երեք ընտրատեղամասերի կամ մի քանի հազար ձայների մասին չէ. խնդիրը պետության պատրաստակամությունն է՝ հարգել կամ անտեսել քաղաքացիների կամքը։ Եթե ընտրողի ձայնը կարող է երկրորդական դառնալ վարչական որոշումների համեմատ, ապա դա արդեն ժողովրդավարության վթար է։

Այս իրավիճակի միակ իրավական լուծումը երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելն է, ինչպես պահանջում է օրենքը

Երբ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում, օրենքի և ժողովրդավարական տրամաբանության միակ լուծումը վերաքվեարկությունն է, և ոչ քաղաքական մեկնաբանությունները, ոչ պաշտոնյաների հայեցողությունը, ոչ էլ կիսատ-պռատ իրավական հիմնավորումները, այլ վերաքվեարկությունը։ Յուրաքանչյուր քաղաքացու քվեն պետք է պատշաճ կերպով արտացոլված լինի վերջնական արդյունքներում։ Քաղաքացին մեղք չունի, որ ԿԸՀ-ն նորմալ ընտրություններ կազմակերպել ունակ չէ։ Խնդրի էությունն այն է, որ ժողովրդավարական պետությունում քաղաքացիների ձայնի արժեքը չի կարող որոշվել վարչական մարմնի մեկնաբանությամբ։

Թե որ ուժերը պետք է լինեն Ազգային ժողովում, պետք է որոշեն բացառապես ընտրողները և ոչ թե Վահագն Հովակիմյանը

Ազգային ժողովի կազմը պետք է ձևավորվի բացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքներով։ Ոչ մի պաշտոնյա իրավասու չէ իր որոշումներով ազդել այն հարցի վրա, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում և որոնք՝ ոչ։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող որոշումները կայացվում են առանց ընտրողներին նորից դիմելու, անխուսափելիորեն առաջանում է տպավորություն, որ ժողովրդի կամքը փոխարինվում է պաշտոնեական հայեցողությամբ։

Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը՝ Հայաստանում իշխանությունը պատկանո՞ւմ է ժողովրդին, թե՞ մի խումբ պաշտոնյաների, որոնք որոշում են, թե որ ձայներն են կարևոր, իսկ որոնք՝ ոչ։

Անթույլատրելի է, երբ ընտրական գործընթացի վերջնական արդյունքը որոշվում է ոչ թե քվեատուփի մոտ, այլ պաշտոնյաների աշխատասենյակներում։ Անթույլատրելի է, որ հազարավոր քաղաքացիների կամքը անտեսվում է միայն այն պատճառով, որ այդ կամքը կարող է անհարմար լինել իշխանության համար։

Այս հարցը չի վերաբերում միայն մեկ կուսակցության կամ մեկ ընտրական արդյունքի։ Այն վերաբերում է Հայաստանի ապագային և ժողովրդավարական մշակույթին։ Եթե այսօր ընդունենք, որ քաղաքացիների ձայների ճակատագիրը կարող է որոշվել առանց նրանց, ապա վաղը դա կդառնա օրինաչափություն ցանկացած ընտրության ժամանակ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից