«Լեգիտիմության լուրջ ճգնաժամ կա, և դա պայմանավորված չէ միայն ընտրությունների օրվա իրադարձություններով»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց «Շանթ» դաշինքի հիմնադիր Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների շուրջ ծավալվող քննարկումներին և «Միասնության թևեր»-ի
հայտարարությանը։
Հարությունյանի խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությունը ձևավորվել է դեռևս նախընտրական փուլում արձանագրված խախտումների հետևանքով։
«Մենք՝ ինքներս, մեր թիմով բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել, դրանց մասին բարձրաձայնել ենք, հաղորդումներ ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Խոսքն այնպիսի գործողությունների մասին է, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա և իրավական իմաստով պատժելի արարքներ են։ Սակայն, ցավոք, պետական մարմինների կողմից համապատասխան արձագանք չեղավ և որևէ էական քայլ չձեռնարկվեց»,- ասաց նա։
Շահեն Հարությունյանը նշեց, որ լեգիտիմության հարցեր են առաջացնում նաև ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես որոշ ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը։
«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետ կապված։ Դա ուղիղ ազդեցություն ունեցավ ընտրությունների վերջնական արդյունքների և հաջորդ խորհրդարանի ձևավորման վրա։ Միայն այս հանգամանքն արդեն բավարար հիմք է տալիս մտածելու, որ լեգիտիմության հարցը շատ լուրջ է»,- նշեց նա։
Հարությունյանի խոսքով՝ հարցեր է առաջացնում նաև այն փաստը, որ ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ ամբողջությամբ չէր ավարտվել, երբ արդեն հնչեցին հաղթանակի մասին հայտարարություններ։
«Դեռ ընտրությունների արդյունքների մոտ 10 տոկոսն էր հաշվարկվել, երբ վարչապետը հայտարարեց, որ ստացել է 50+1 տոկոս ձայն և հաղթել է ընտրություններում։ Սա նախադեպ չունեցող իրավիճակ է։ Պետական համակարգում կա Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը պետք է ամփոփի ընտրությունների արդյունքները։ Միայն դրանից հետո կարելի է քաղաքական հայտարարություններ անել։ Երբ արդյունքների ամբողջական հաշվարկը դեռ չէր ավարտվել, նման հայտարարությունները բնականաբար հարցեր են առաջացնում»,- ասաց նա։
Հարությունյանի գնահատմամբ՝ այս ամենը, ինչպես նաև բազմաթիվ այլ արձանագրված դեպքեր, վկայում են, որ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ հանրային և քաղաքական լուրջ խնդիրներ կան։
Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա նշեց, որ քննարկվում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորությունը։
«Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք այդ տարբերակը։ «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Անկեղծ ասած՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները, ես մեծ սպասելիք չունեմ Սահմանադրական դատարանից, բայց դա չի նշանակում, որ պետք չէ անցնել այդ ճանապարհը»,- ասաց նա։
Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրավական գործընթացների իրականացումը կարևոր է ոչ միայն արդյունքի, այլև քաղաքական հետևողականության տեսանկյունից։
«Շատ հեշտ է ֆեյսբուքյան գրառումներ անել, հայտարարել, որ ընտրությունները լեգիտիմ չեն կամ արդյունքները չես ընդունում։ Սակայն բոլորովին այլ բան է այդ հայտարարությունները վերածել իրական գործողությունների։ Մենք տեսանք, որ բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարեցին, թե չեն ընդունում արդյունքները, սակայն միայն մի քանի ուժեր իրականում մասնակցեցին վերահաշվարկների գործընթացին, ներկայացրին բողոքներ և փորձեցին պաշտպանել ընտրողների քվեները»,- ընդգծեց նա։
Հարությունյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներն ու վստահված անձինք օրեր շարունակ մասնակցել են վերահաշվարկների գործընթացին և փորձել են պաշտպանել յուրաքանչյուր ընտրողի ձայնը։
«Մեր թիմակիցները, վստահված անձինք և գործընկերները ժամեր ու օրեր են անցկացրել ընտրատեղամասերում՝ մասնակցելով վերահաշվարկներին։ Սա յուրաքանչյուր քվեի նկատմամբ հարգանքի և հետևողական պայքարի մասին է։ Այդ նույն տրամաբանության մեջ է նաև Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը»,- նշեց նա։
Ամփոփելով՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ անկախ վերջնական արդյունքներից կամ սպասելիքներից, ընտրությունների շուրջ բոլոր իրավական գործընթացները պետք է ավարտին հասցվեն։
«Նույնիսկ եթե որևէ ակնկալիք չունեմ Սահմանադրական դատարանի որոշումից, միևնույն է, անհրաժեշտ է անցնել բոլոր իրավական փուլերը։ Ի վերջո, ընտրությունների վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի ավարտից հետո»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան