Ներքին 1 ժամ առաջ - 16:00 16-06-2026

Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընդդիմադիր ուժերի մի մասը, նույնիսկ ընտրություններին չմասնակցած որոշ կուսակցություններ, հայտարարում են, որ ընտրությունները չեն արտացոլում հասարակության քաղաքական տրամադրությունները։ Սա նշանակում է, որ քաղաքացին ուզում էր, որ այլ ուժեր լինեն ԱԺ-ում, քան նրանք, որոնց անունները տվել է ԿԸՀ-ն։

Արդարության ջատագովները չեն կարող հաշտվել այս իրավիճակի հետ։ Եթե մարդիկ կարծում են, թե ընտրողի քվե կամ մանդատ է գողացվել, ապա պետք է պայքարեն արդարության վերականգնման համար։ Հարցն այն է, թե ի՞նչ կարող են անել այս կուսակցությունները, որոնց կարծիքով ընտրությունները կեղծված են, և խորհրդարանն այլ տեսք պետք է ունենար։

Այս իրավիճակում կա երեք ուղի։

Առաջին ուղին տանում է դատավորի մոտ։ Որոշ ուժեր արդեն հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների օրինակարգությունը վիճարկելու մասին։ Ընդդիմադիրները բազմաթիվ փաստեր ու վկաներ ունեն, որոնք կարող են ներկայացնել դատարանում։ Արդարադատության հանդեպ հավատը պարտավորեցնում է գնալ այս ճանապարհով։ Սակայն միաժամանակ հանրային կասկած կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ճնշում գործադրել ՍԴ-ի վրա, ու վերջինս հաշվի չի առնի ընդդիմադիրների բերած փաստերը։ Այսինքն՝ այս ուղին փակուղի է տանելու։

Պատմության մեջ մեկ անգամ՝ 2003-ին, ՍԴ-ն ոչ միանշանակ որոշում է ընդունել։ Հաշվի առնելով ընդդիմադիրների ներկայացուցիչների ներկայացրած փաստերը, վկայություններն ու հանրային կասկածները իշխանությունների լեգիտիմության վերաբերյալ՝ ՍԴ-ն խորհուրդ էր տվել իշխանություններին 1 տարի անց, այսինքն՝ 2004-ին, անցկացնել վստահության հանրաքվե։ Սակայն ՀՀ իշխանություններն այդ հանրաքվեն չարեցին։ 2004-ի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ընդդիմության աջակիցների նկատմամբ բռնություն կիրառվեց։ Եվ այդպիսով ավարտվեց իրավական ճանապարհը։

Երկրորդ ճանապարհը հետընտրական ցույցերն են։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրներում հետընտրական ցույցերի արդյունքում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Հիշարժան են Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունները, որոնց արդյունքում փոխվեց ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքակրթական կուրսը, այդ երկրները դուրս եկան ռուսական ազդեցության գոտուց, հայտարարեցին ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին։ Օրինակ՝ Ուկրաինայի Սահմանադրության նախաբանում ամրագրված է, որ երկիրը ձգտում է միանալ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։

ՀՀ-ում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու ջատագովների մի մասը բացահայտ սատարում է Փաշինյանին, մի մասն էլ շատ մեծ ժողովրդականություն չունի, որ գունավոր հեղափոխություն անի։ Նախընտրական հարցումներն ու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ժողովուրդը ռուսամետ ուժերին է վստահում, որոնք ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու օրակարգ չունեն։ Փաշինյանը բոլոր մրցակիցներին որակում է Կրեմլի գործակալ, որ տպավորություն ստեղծի, թե ՀՀ-ում միայն ինքն է անկախության ու ժողովրդավարության ջատագովը։ Հետևաբար՝ ՀՀ-ում փողոցային պայքարով, ցույցերով ու հանրահավաքներով իշխանափոխություն չի հաջողվի։ ԵՄ-ն չի աջակցի ռուսամետ ուժերի փողոցային ցույցերին։

Ոմանք կարող են հակադարձել՝ բերելով 2018-ի օրինակը, երբ ՀՀ-ում Կրեմլի աջակցությամբ իշխանափոխություն տեղի ունեցավ փողոցային ցույցերի ֆոնին։ Սակայն հարկ է վերստին կրկնել, որ 2018-ին Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական տալ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա մտադիր չէ հրաժարական տալ։ Հետևաբար՝ Կրեմլի աջակցությամբ ևս չի լինի իշխանափոխություն, քանի որ Փաշինյանը պատրաստ է բավարարել Կրեմլի պահանջները, մասնավորապես՝ ՀՀ-ն պահել ռուսական ուղեծրում, դուրս չգալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, չմիանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, հնարավորինս չանել ոչինչ, որը, ենթադրաբար, ռուսական շահերին դեմ կլինի։

Եվ երրորդ ուղին ամենապարզն է։ Այս դեպքում ընդդիմությունը վերցնում է մանդատներն ու աշխատում ԱԺ-ում, քննադատում ՔՊ-ին ու Փաշինյանին, ցույց տալիս վառ ռուսամետ դիրքորոշում, որ ամբողջ աշխարհը հավատա, որ իրենք իրոք ռուսական ազդեցության գործակալներ են։ Օրինակ՝ 2021-ին ձևավորված ԱԺ-ում այդպես էր։ Նույնիսկ ՀՀԿ-ն, որի օրոք Երևանում Նժդեհի արձանն է կանգնեցվել, ստորագրվել է SEPA-ն, այս շրջանում ռուսամետ դիրքերից էր հանդես գալիս։ Նույնը, ենթադրաբար, կանեն նորընտիր ընդդիմադիրները։ Եվ նրանց պայքարն այդքանով իմաստ ու կյանք կստանա։

Այս բոլոր ուղիներով կարող է գնալ ընդդիմությունն առաջիկայում, ենթադրելի է, որ նա կդիմի ՍԴ, զուգահեռաբար՝ ցույցեր ու հանրահավաքներ կլինեն, իսկ վերջում նրանք, ապացուցելով, որ փորձել են բոլոր հնարավոր ուղիները, կվերցնեն մանդատներն ու մի քանի տարի ՔՊ-ի հետ կկիսեն իշխանությունն ԱԺ-ում, կբարձրացնեն ժողովրդին հուզող հարցերն ու խնդիրները, կմերկացնեն իշխանություններին և այլն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
20:20 ԱԱԾ-ն չպետք է դառնա իշխանական քարոզչամեքենայի գործիք. փաստաբան
20:30 ԵԿՄ Մալաթիայի նախագահի անշարժ գույքը՝ որդու ազատության դիմաց. սկանդալային որոշում դատարանից
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:30 Այս ընտրությունները 100%-ով կեղծված էին. հարցում