Հայաստանի իրավական համակարգը հասել է կատարելության և շարունակում է զարմացնել իր «նորարարական» լուծումներով։ Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Վարդգես Սարգսյան) նոր խոսք է ասել արդարադատության մեջ։

Ամիսներ առաջ կաշառք վերցնելու աղմկահարույց մեղադրանքով խմբի կազմում կալանավորվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը։ Նա նույն շրջանի Երկրապահ կամավորական միության նախագահ Գեղամ Խաչատրյանի որդին է։
Ըստ դատական փաստաթղթերի՝ Գևորգ Խաչատրյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին բավականին կենցաղային, բայց դասական կոռուպցիոն սխեմայով։
Պաշտոնյան, օգտագործելով իր լիազորությունները, Անդրանիկի փողոցի բակերում քաղաքացի Աշոտ Վարդանյանի կողմից ապօրինի տեղադրված ավտոտնակի դուռն ու ապակիները չարձանագրելու և աչք փակելու դիմաց, 2025 թվականի նոյեմբերի 1-ին «Շանտո» ռեստորանային համալիրում անձամբ պահանջել և ստացել է 200․ 000 դրամ կաշառք։

Երբ հերթը հասել է խափանման միջոցին, Հակակոռուպցիոն դատարանը ցուցաբերել է աննախադեպ «ճկունություն»։ Հանրային մեղադրող Դավիթ Հարությունյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ Գևորգ Խաչատրյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և 50 000 000 դրամ գրավով։
Բայց ամենաուշագրավը գրավի տեսակն է։ Քանի որ մեղադրյալը հավանաբար չի ունեցել այդքան կանխիկ գումար, դատարանը որպես գրավ ընդունել է նրա հորը՝ ԵԿՄ տեղական կառույցի նախագահ Գեղամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 133/2 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Ի դեպ, 2026 թվականի փետրվարի 24-ից կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյան վայելում է տնային կալանքը։ Եվ մինչ ընդդիմադիր գործիչները կամ պարզապես քննադատող քաղաքացիները սոսկ խոսքի կամ ֆեյսբուքյան գրառման համար ամիսներով ու տարիներով մնում են զնդաններում՝ սպասելով դատավճռին, վերջինս իր քրեական գործին հետևում է սեփական տան հարմարավետությունից։
Թվում էր, թե կոռուպցիայի դեմ հայտարարված «անողոք պայքարի» ֆոնին պատիժն ու խափանման միջոցը պետք է լինեին առավելագույնս խիստ։ Սակայն այստեղ գործի է դրվում հայկական արդարադատության երկակի ստանդարտների ողջ զինանոցը։
Չի կարելի բացառել, որ կաշառակերության մեջ մեղադրվողի հանդեպ ցուցաբերված այս աննախադեպ բարյացկամ և ներողամիտ վերաբերմունքն ունի կոնկրետ պատճառներ։ Պատասխանը, թերևս, պետք է փնտրել համացանցում առկա լուսանկարներում և մեղադրյալի հոր ազդեցիկ կապերի մեջ։

Նկատենք, որ համացանցում հրապարակված լուսանկարները խոսում են փաստերից ավելի բարձր։ Գեղամ Խաչատրյանի ջերմ և սերտ հարաբերությունները գործող իշխանության ամենաբարձր օղակների ներկայացուցիչների հետ հստակ ազդակ են համակարգին։

Այս դեպքը հերթական անգամ ջրի երես է հանում այն դառը իրականությունը, որ Հայաստանում խափանման միջոցների կիրառումը դարձել է ընտրովի գործիք։ Եթե այլախոհների համար կալանքը կիրառվում է որպես պատժիչ միջոց՝ երբեմն առանց հիմնավորումների, ապա գործող իշխանության հետ կապեր ունեցող մարդկանց հարազատների համար դատարանները դառնում են մարդասեր, մեծահոգի և որպես գրավ են ընդունում հայրական գույքը։
Հասմիկ Մովսիսյան